• Sat. Jul 27th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Խոզի միսն էժանացել է, ձուն ու բանջարեղենը՝ թանկացել. Ո՞ր ապրանքների մասով է արձանագրվել առավելագույն գնաճ և գնանկում. Ինֆոգրաֆիկա

ByEditor

Dec 5, 2023

Սննդամթերքի գները 2023թ-ի մայիս-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ շարունակաբար նվազել են։ Դրա մասին են վկայում վիճակագրական տվյալները, որոնց համաձայն՝ սննդամթերքի գների ամենամեծ անկումը գրանցվել է հունիս ամսին՝ -5,8%։ 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ սննդամթերքի գները նվազել են  3%-ով։

Նկատենք, որ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների մասով գների անկում դիտվել է ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում։ Գնանկման ամենափոքր ցուցանիշը նկատվել է Վաղարշապատում, որտեղ 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գները նվազել են 0,9%-ով։

Իսկ գների ամենամեծ անկումը դիտվել է Իջևանում և Վանաձորում՝ համապատասխանաբար 5,4%-ով և 5,2%-ով։

Վերադառնալով սննդամթերքի գներին՝ ուսումնասիրենք՝ որ ապրանքների մասով է արձանագրվել առավելագույն գնաճ և գնանկում․

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2023թ-ի հոկտեմբերին նախորդ տարվա հոկտեմբերի համեմատ գների աճ դիտվել է բանջարեղենի մասով`(թարմ կամ պաղեցրած տերևավորներ, ցողունավորներ և արմատապտուղներ) շուրջ  23,6%-ով։

Զգալիորեն աճել է ձվի գինը՝ 13,3%-ով։ Հանրապետությունում ալյուրի և այլ ձավարեղենի գները նվազել են երկնիշ թվով՝ 19,5%-ով։ Նվազել է նաև խոզի մսի գինը՝ 13,2%-ով։

Ամենախոր գնանկումը նկատվել է սննդային յուղերի մասով՝ մոտ 31%-ով։