• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Գործարկվում է քաղաքաշինության ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր

ByEditor

Sep 30, 2023

Քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացը նոր սկզբունքով իրականացնելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն սկսում է ոլորտի մասնագետների հավաստագրման պիլոտային ծրագիր:

2023թ. դեկտեմբերի 17-ից ուժի մեջ են մտնելու 2022թ. կատարված օրենսդրական փոփոխությունները, որոնց համաձայն՝ նախքան կազմակերպությունների լիցենզավորումը պետք է հավաստագրվեն ոլորտի մասնագետները: Հավաստագրման գործընթացն ամբողջությամբ իրականացվելու է էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքաշինության բնագավառի պետական ծառայությունների urban.e-gov.am միասնական հարթակի միջոցով:

Օրենսդրական փոփոխությունների կիրարկումը սահուն կազմակերպելու և դեկտեմբերի 17-ին ընդառաջ համակարգը կատարելագործելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեն ոլորտի մասնագետներին հրավիրում է գրանցվելու համակարգում՝ պիլոտային շրջանում հավաստագրման նպատակով: Համակարգում գրանցվելուց հետո անհրաժեշտ է ընտրել «Պատասխանատու մասնագետի կարգի շնորհման և հավաստագրման հայտ» դաշտը, ծանոթանալ սահմանված ընթացակարգին, ապա լրացնել դաշտերը: Հավաստագրի ստացման հայտի հաստատումից հետո, առանց որևէ վճարման, տրվելու է ժամանակավոր էլեկտրոնային հավաստագիր՝ QR կոդով:

Համակարգի ամբողջական գործարկումից հետո էլեկտրոնային եղանակով են իրականացվելու լիցենզավորմանն ու հավաստագրմանն առնչվող բոլոր փուլերը՝ գործընթացը դարձնելով դյուրին, արագ, թափանցիկ, նվազեցնելով մարդկային գործոնը և կրճատելով փաստաթղթաշրջանառությունը:

Քաղաքաշինության կոմիտեն տեղեկացնում է, որ դեկտեմբերի 17-ից սկսած լիցենզավորված բոլոր գործող կազմակերպություններին և հավաստագրման հավակնող մասնագետներին տրվելու է 9 ամիս ժամանակ, որի ընթացքում էլեկտրոնային եղանակով կազմակերպվելու է վերալիցենզավորման և մասնագետների հավաստագրման անցումային գործընթացը: Կազմակերպությունները պետք է դիմեն՝ գործող լիցենզիան, նոր օրենսդրության համաձայն, համապատասխան դասի լիցենզիայով փոխարինելու համար, այլապես անցումային փուլի ավարտից հետո օրենքի ուժով այն կդադարի գործել:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել Քաղաքաշինության կոմիտեի լիցենզավորման վարչություն (վարչության պետ Նշան Մարտիրոսյան)՝ 011 621 730, 011 621 763 և 011 621 766 հեռախոսահամարներով:

Հիշեցնենք, որ քաղաքաշինության բնագավառում լիցենզավորման գործընթացի բարեփոխման նպատակով 2022թ. լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Լիցենզավորման մասին», «Քաղաքաշինության մասին», «Պետական տուրքի մասին» և «Քաղաքաշինության բնագավառում իրավախախտումների համար պատասխանատվության մասին» ՀՀ օրենքներում:

Նոր սկզբունքի համաձայն՝ քաղաքաշինության ոլորտում գործունեություն իրականացնող կազմակերպությունները լիցենզիա կստանան ըստ դասերի՝ կախված օբյեկտների ռիսկայնության աստիճանից: Թե՛ լիցենզիան, թե՛ մասնագետի հավաստագիրը տրվելու են 5 տարի ժամկետով: Ձևավորվելու են կազմակեպությունների և մասնագետների տվյալների էլեկտրոնային ռեեստրներ: