• Mon. Jul 22nd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ժողովրդավարության համաշխարհային օրն առանց ժողովրդավարության. պատկերը՝ թվերով

ByEditor

Sep 16, 2023

Սեպտեմբերի 15-ին նշվում է Ժողովրդավարության միջազգային օրը։ Այն հաստատվել է 2007թ.՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից։
Ժողովրդավարությունը հիմնված է ժողովրդի ազատ կամարտահայտության վրա և սերտորեն կապված Է իրավակարգի ապահովման և մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների իրականացման հետ:

Ժամանակակից հասարակությունը ժողովրդավարությունը վերագրում է համընդհանուր արժեքներին և սկզբունքներին: Չէ որ ժողովրդավարությունը մարդկանց շահերի արտահայտությունն է։ Այն հիմնված է ներառականության, իրավահավասարության և հավասար մասնակցության վրա և հանդիսանում է խաղաղության, կայուն զարգացման և մարդու իրավունքների ապահովման հիմնարար տարրերից մեկը: Ժողովրդավարության և մարդու իրավունքների միջև կապն ամրագրված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 21(3) — րդ հոդվածում, որում ասվում է, որ ժողովրդի կամքը պետք է լինի կառավարության իշխանության հիմքը. այդ կամքը պետք է արտահայտվի պարբերական և ոչ կեղծված ընտրություններում, որոնք պետք է անցկացվեն համընդհանուր և հավասար ընտրական իրավունքով՝ գաղտնի քվեարկությամբ կամ այլ հավասարազոր ձևերով, որոնք ապահովում են քվեարկության ազատությունը։

Ցավոք, այս վերը գրված սահմանումները և ժողովրդավարության նկարագրությունները որևէ աղերս չունեն ներկայիս իրականության հետ։

Մերօրյա աշխարհում ընթանում է կեղծարարության մրցույթը։ Բոլոր հասկացությունները ընկալվում և հրամցվում են յուրովի՝ ըստ ցանկության։ Դրա վառ օրինակն է Արցախում տեղի ունեցող ողբերգությունը և աշխարհի անտարբերությունը դրա նկատմամբ։ Վտանգված է ընդհանուր արժեհամակարգը, ինչն, անկասկած, մարդկությանը կանգնեցնելու է նոր աղետների առաջ։ Նման ձևափոխման է ենթարկվում ժողովրդավարությունը։ Մեր օրերում այն լավագույնս կարելի է բնութագրել ժողովրդական հայտնի արտահայտությամբ՝«անունը կա, ամանում չկա»:

Աշխարհում ժողովրդավարության ներկայիս վիճակի մասին կարելի է դատել՝ ուսումնասիրելով ժողովրդավարության համաթիվը․

Պարզվում է՝ 2022թ․-ին աշխարհի երկրների 35,3%-ը կազմում են այն երկրները, որոնք ունեն ավտորիտար կարգեր։
Այս երկրներում ապրում է աշխարհի բնակչության մոտ 47%-ը։

Խառը ռեժիմները գործում են աշխարհի երկրների 21,6%-ում, որտեղ բնակվում է բնակչության 17,9%-ը։

Աշխարհի երկրների 28,7%-ը համարվում են թերի ժողովրդավարությամբ երկրներ, որոնք ներկայացնում են աշխարհի բնակչության 37%-ը։

Եվ միայն երկրների 14,4%-ում է, որ առկա է ժողովրդավարություն։ Սակայն այստեղ բնակվում է աշխարհի բնակչության ընդամենը 8%-ը։

*Ժողովրդավարությունն ինքնին դրական երևույթ է, սակայն դրա նույնիսկ չնչին աղավաղումն առաջացնում է հսկայական խնդիրներ, որից առաջին հերթին տուժում են սովորական մարդիկ: