• Mon. May 13th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Եվրոպայում հիփոթեքային վարկերը շարունակում են թանկանալ. որտե՞ղ են ամենաթանկ ու ամենաէժան առաջարկները

ByEditor

Jun 27, 2023

Եվրոպայում հիփոթեքային վարկերը շարունակում են թանկանալ.2023 թվականի մարտի տվյալներով տոկոսադրույքի չափով առաջատարն Ուկրաինան է, որին հաջորդում են Մոլդովան, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան և Ռուսաստանը, նշված է «ՌԻԱ Նովոստիի»՝ տարածաշրջանի Կենտրոնական բանկերի տվյալների վերլուծությունից։

Ուկրաինայում հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը մարտին հասել է 13,4-ի, ինչը 2019 թվականից ի վեր առավելագույնն է:

Երկրորդ տեղում Մոլդովան է, որտեղ հիփոթեքի արժեքը կազմել է 12,03 %։ Ապա հաջորդում են Հունգարիան 10,52 %-ով և Լեհաստանը ՝ 8,9 %-ով։

Վերջին երեք երկրները, թեև մնում են առաջատար հիփոթեքային վարկերի արժեքով, բայց մոտ երկու ամիս է, ինչ միջին տոկոսադրույքներն այնտեղ նվազում են.

«Ամենաթանկ» պետությունների վեցնյակը եզրափակում են Ռումինիան և Ռուսաստանը։ Այդ երկրներում տոկոսադրույքները մարտին եղել են համապատասխանաբար 8,4 % և 8,18 % տարեկան. 6-8 տոկոսի սահմաններում հիփոթեքի տոկոսադրույքը հաստատվել է Լիտվայում, Դանիայում, Լատվիայում, Էստոնիայում, Մեծ Բրիտանիայում, Սլովենիայում, Կիպրոսում և Ալբանիայում։

Բնակարանային վարկերի ամենացածր տոկոսադրույքները եղել են Շվեյցարիայում, Խորվաթիայում, Բուլղարիայում և Ֆրանսիայում՝ 2,4-2,9 տոկոս միջակայքում, իսկ ամենաէժան հիփոթեքը Եվրոպայում կարելի էր վերցնել Մալթայում ՝ 2,4 տոկոսով։ Այնուամենայնիվ, դեռ 2022-ի ամռան վերջին ամենաէժան բնակարանային վարկերն արժեին 1,36 % (Լյուքսեմբուրգում), դեկտեմբերին ՝ 2,1 % (Ֆրանսիայում), իսկ 2023 թվականի մարտին ՝ 2,3 % (նաև Ֆրանսիայում):

Այնուամենայնիվ, տարածաշրջանի երկրների ճնշող մեծամասնությունում միջին տոկոսադրույքները դեռ բազմամյա, իսկ երբեմն էլ պատմական ռեկորդի մակարդակին են: Այսպես՝ Գերմանիայում, Շվեդիայում, Իռլանդիայում, Լյուքսեմբուրգում, Ֆինլանդիայում, Սլովենիայում, Նիդեռլանդներում և Ավստրիայում դրանք հասել են 2008-2009 թվականների, իսկ Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Շվեյցարիայում և Ռումինիայում՝ 2010-2011 թթ. ցուցանիշներին։

Ամենից շատ տարեսկզբից տոկոսադրույքները բարձրացել են Ուկրաինայում, Ռուսաստանում և Կիպրոսում ՝ համապատասխանաբար 3,9, 1,53 և 1,4 տոկոսային կետով։ Եվ հակառակը, նվազել են տոկոսադրույքները Բուլղարիայում, Մալթայում, Լեհաստանում և Մոլդովայում՝ 0,02-0,7 տոկոսային կետով:

Հավելենք, որ Հայաստանում հիփոթեքային տարեկան տոկոսադրույքը մայիս ամսվա տվյալներով եղել է ՀՀ դրամով 12.5 — 13.5%, ԱՄՆ դոլարով՝ 10.5-11.5%, եվրոյով՝ 9-10%: