• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Խաղացողը». Թե ինչպես անփող, թերուս Քըրք Քըրքորյանը դարձավ կապիտալիստական պատմության խոշորագույն գործարար

ByEditor

Jun 8, 2023

Ամերիկայի ֆինանսական աշխարհի ամենահարուստ եւ սակավաճանաչ հսկաներից մեկի՝ ամեն ինչ ինքնուրույն ձեռք բերած միլիարդատիրոջ՝ ցնցոտիներից մինչեւ հարուստ կյանքի հասնելու պատմությունը:

Քըրք Քըրքորյանը Ամերիկայի առաջամարտիկ օդաչուներից էր, կինոմագնատ, ռիսկի սիրահար եւ գործարար աշխարհի հսկաներից, որը վերափոխելով Լաս Վեգասն ու Հոլիվուդը, դարձավ երկրի խոշոր ֆինանսիստներից մեկը: Նրա կյանքի պատմությունն արտացոլում է Առաջին աշխարհամարտի օդաչուի սառնասիրտ համարձակությունը, կռվարար բռնցքամարտիկի հաստատակամությունը, խորհրդավոր, անընթեռնելի խաղացողի խորամանկությունը եւ գործարքների անզուգական հանճարը: Թեեւ նա երբեք թույլ չի տվել, որ իր անունը փակցնեն որեւէ շենքի վրա, 2015 թվականին, երբ նա մահացավ, նրան էր պատկանում Լաս Վեգասի ամենախոշոր հյուրանոցների ու խաղատների մեծ մասը: Այս հափշտակող կենսագրականի մեջ, հետաքննիչ լրագրող Ուիլյամ Չ. Ռեմփելը,
խորամուխ լինելով Քըրքորյանի՝ երկար ժամանակ գաղտնի պահված կյանքի պատմության մեջ, ներկայացնում է հակասություններով լի մի մարդու՝ թերի կրթությամբ, սակայն գործարքների հանճարեղ վարպետի, անչափ ամաչկոտ մի մարդու, որն ամենահամարձակ ու հանդուգն բիզնես նախաձեռնությունների հեղինակ էր, զգուշավոր եւ ամեն ինչ մանրամասն հաշվարկող ներդրողի, որը պատրաստ էր ամեն ինչ դնել խաղասեղանին: «Խաղացողը» լույս է սփռում ամեն ինչին ինքնուրույն հասած այս սակավաճանաչ ձեռնարկատիրոջ ոգեշնչող պատմության վրա:

Հատված Ուիլյամ Ռեմփելի «Խաղացողը» գրքից

Ցեղասպանություն եվ առատաձեռնություն

Հարութ Սասունյանը լուռ նստած էր Քըրք Քըրքորյանի դիմաց՝ ցածրիկ սեղանի մոտ. երկուսի հայացքներն ուղղված էին պատուհանից դուրս, երբ Քըրքի անձնական «Բոինգ 727»-ը դանդաղ ընթանում էր ներքևում տարածվող շագանակագույն անհարթ բնապատկերի վրա։ Նրանցից ոչ մեկը կես ժամից ավելի էր, ինչ որևէ բառ չէր արտասանել։ Քըրքը կոտրեց լռությունը։

-Թուրքիայի վրայով ենք անցնում, -ասաց նա, -մեր պատմական հայկական հողերի վրայով1։

Հարութը գլխով համաձայնության նշան արեց՝ զարմանալով, որ Քըրքն այդքան տեղեկացված էր իրենց թռիչքուղիով և հին Հայաստանին դրանց հարաբերական մոտիկությամբ։ Հարութը մոտ հարյուր անգամ այս թռիչքն էր իրականացրել, իսկ դրանցից վերջինը՝ ընդամենը մի քանի օր առաջ։ Քըրքի համար սա առաջին թռիչքն էր Հայաստան։

-Այո, ներքևում մեր հողն է, -ջերմեռանդորեն համաձայնեց Հարութը։

Նրան թվաց, թե Քըրքը ցանկանում է խոսել Հարութի ամենասիրելի թեմայի շուրջ. Հայաստանի դժգոհությունները Թուրքիայի հանդեպ։ Նրա «Քալիֆորնիա կուրիեր» շաբաթաթերթի սյունակները լի էին թուրքերին ուղղված անխնա քննադատություններով, որոնք սկիզբ էին առնում դեռևս քսաներորդ դարի սկզբին տեղի ունեցած ցեղասպանությունից։

-Հարու՛թ, -շարունակեց Քըրքը, -ինչու՞ չենք գնում ու վերադարձնում մեր հողերը։

Քըրքն իր հոգու հե՞տ էր խաղում, թե՞ վճռական էր տրամադրված։ Հարութն այդ հարցում վստահ չէր։ Նա կմկմալով ինչ-որ բան ասաց անհնարին երազանքի մասին, իսկ հետո երկու տղամարդիկ կրկին ընկղմվեցին լռության մեջ։ Մոտ մեկ ժամ անց նրանք վայրէջք կատարեցին Երևանում, և չնայած անաղմուկ ընդունելության վերաբերյալ Քըրքի պնդումներին՝ նրան դիմավորեց Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Քըրքին Հայաստանի մայրաքաղաքում ջերմ ընդունելության արժանացրին՝ որպես սիրված հերոսի։ Դա նրան անհանգստություն պատճառեց։

Քըրքը և Հարութը բարձրաստիճան պաշտոնյաների և պետության ղեկավարների այցերի համար նախատեսված սովետական ժամանակաշրջանի երբեմնի տպավորիչ պալատում հանգիստ առնելու գնացին այնքան արագ, որքան քաղաքավարությունը դա թույլ կտար։ Մեծ արդյունաբերական օդափոխիչներն աղմկոտ, սակայն ամառային տապի համար ոչ բավարար օդափոխություն էին ապահովում։ Սենյակներն ունեին բարձր առաստաղներ, կարճ մահճակալներ, ժանգոտված սանտեխնիկա և հայերեն խոսացող պատրաստակամ անձնակազմ։

Այդ առաջին երեկոյան նրանք ընթրեցին նախագահի ևերկրի բոլոր նախարարների հետ երևանյան մի ռեստորանում, որից տեսարան էր բացվում դեպի Արարատ լեռը։ Սասունյանը նստել էր Հայաստանի պաշտպանության նախարարի կողքին, ևիրենց զրույցի ժամանակ նա խոսեց Քըրքի՝ հայկական հողերը հետ վերադարձնելու դիտարկման մասին։

Զվարճացած նախարարը ծիծաղեց.

-Ասա՛ Քըրքին, որ եթե մեզ 50 միլիոն դոլար տա, մենք կգնանք ու կվերադարձնենք դրանք, -ասաց նա։

Քըրքը նստած էր նախագահի կողքին։ Նա հարցրեց, թե մարդասիրական օգնությունից բացի ինչի՞ կարիք ունի Հայաստանը։ Քոչարյանը խոսեց ենթակառուցվածքների, օրինակ՝ բնակարանաշինությունն ընդլայնելու մասին և հատկապես երկրի սրտով անցնող մայրուղու անհրաժեշտության մասին, գլխավոր ճանապարհ, որը երկրի հյուսիսային սահմանը կկապեր Վրաստանի, իսկ հարավային սահմանը՝ Իրանի հետ։

-100 միլիոն դոլարը կօգնի՞ ձեզ այդ հարցում, -հարցրեց Քըրքը։

Քոչարյանը մի պահ վարանեց, սակայն առաջարկության իրական լինելը գիտակցելու համար միայն։

-Իհարկե, -բերանից թռցրեց նա։

-Ուրեմն, մենք կանենք դա,- ասաց Քըրքը։

Նախագահը խնդրեց առավոտյան առաջին հերթին մամուլի հաղորդագրություն տարածելու մասին։ Սովորաբար անանուն մնացող նվիրատուն հարցրեց, թե արդյո՞ք նման հրապարակայնությունը կարող է օգտակար լինել։ Քոչարյանը ժպտաց.

-Ուզում եմ՝ մեր թշնամիներն իմանան, որ մենք հարուստ ու հզոր սփյուռք ունենք։

Քըրքը թոթվեց ուսերը.

-Եթե դա օգտակար կլինի, այդպես էլ արեք։

Հարութը զարմացած էր։ Քըրքը Հայաստանին թույլ է տվել աշխարհին պատմել, որ հայ ներգաղթյալների զավակը 100 միլիոն դոլար է տրամադրում Ահարոն և Լիլի Քըրքորյանների հայրենիքին օգնելու համար։ Պրն Անանունը Հայաստանին թույլ էր տալիս իրեն նախադեպը չունեցող ձևով օգտագործել։

Ընթրիքից հետո Հարութը Քըրքին զգուշացրեց, որ Թեհրանի կառավարության նկատմամբ ԱՄՆ-ի կառավարության պատժամիջոցները կարող են բարդություններ ստեղծել 100 միլիոն դոլար արժեցող այդ առաջարկության համար։ Հայաստանի միջոցով վրացական ևիրանական սահմանները կապող ժամանակակից մայրուղու կառուցումից Հայաստանի հետ միասին օգուտ էր քաղելու նաև Իրանը։ Դա կարող էր դիտվել որպես ամերիկյան պատժամիջոցների խախտում։ Քըրքն անգամ լսել չէր ուզում այն մասին, որ իր՝ «Լինսի» հիմնադրամին կարող էին օրենքով արգելել Հայաստանի համար նման կարևոր ևօգտակար ներդրում կատարել։

Դրանից բացի՝ նա ասաց.

-Եթե ուշադրություն դարձնեի փաստաբաններին ու հաշվապահներին, երբեք էլ ոչնչի չէի հասնի։

Թեման փակված էր։

Հաջորդ առավոտ Հարութն արթնացավ միջանցքով վեր ու վար անող մարդկանց ձայներից։ Նա դուրս եկավ իր սենյակից՝ տեսնելու, թե արդյո՞ք արտակարգ իրավիճակ է ստեղծվել։

-Մենք մի խնդիր ունենք, -մի սպասավոր ասաց հայերեն։

Անցած գիշեր Քըրքին խնդրել էին, որ թղթի կտորի վրա գրեր, թե ինչ թարմ մրգեր է ցանկանում, որ իրեն մատուցեն նախաճաշին։ Սպասավորը ցանկը ցույց տվեց Հարութին։

Այնտեղ գրված էր՝ գուավա, մանգո ևարքայախնձոր։ Հյուրանոցի անձնակազմի անդամները, այդ բառերը հայերեն-անգլերեն բառարանում փնտրելով, սարսափով էին պարզել, որ Քըրքի ցանկացած մրգերից որևէ մեկը չունեին։

-Ի՞նչ տեսակի մրգեր ունեք, -հարցրեց Հարութը։

Նրանք ունեին ծիրան, խաղող, նարինջ և բանան։ Հարութը նրանց վստահեցրեց, որ այդ ամենը բավարար է։ Բայց Քըրքը նաև հացահատիկային շիլայի ափսե էր խնդրել։ Նա փակ պլաստմասե փաթեթներով հացահատիկների իր օրական պաշարն իր հետ էր բերել։ Հարութի բառապաշարը չբավարարեց հայերենով «հացահատիկային շիլայի ափսե» ասելու համար։ Նա փորձեց այն որպես «խորը աման» նկարագրել։ Ավելի ուշ, երբ նա գնաց Քըրքի սենյակ՝ տեսնելու, թե ինչպես է ընթանում նախաճաշը, Քըրքը գլխի շարժումով ցույց տվեց իր «հացահատիկային շիլայի ափսեն»։ Դա Մին դինաստիայի թանգարանային ցուցանմուշ հիշեցնող հսկայական սափոր էր։

Մոտ կես ժամ անց Քըրքը Հարութին իր սենյակ կանչեց։ Նա Հարութին տարավ իր սենյակի ցնցուղի մոտ և բացեց ջուրը։ Դրանից անհասկանալի կտորներով լի, կարմրաշագանակագույն զզվելի հեղուկ դուրս ցայտեց։ Քըրքը լուրջ դեմքով ասաց.

-Նրանք ինձ փորձում են թունավորե՞լ։

Այդ ջրմուղ խողովակը հազվադեպ էր օգտագործվում և չափազանց ժանգոտված էր։ Դա վերջին կաթիլն էր։

Հարութը մի առաջարկություն արեց. Հարկավոր է բարեկարգված «Մարիոթ» տեղափոխվել։ Այն ուներ ժամանակակից հարմարություններ, ֆաքսի ապարատներ, մալուխային հեռուստատեսություն։

-Կարո՞ղ եմ «Սի-Էն-Բի-Սի» նայել, -հարցրեց Քըրքը։

Գործարքը կնքված էր։

Տեղափոխության մասին լուրերը պալատի ամրոցի անձնակազմին հասցված հարված էին։ Մենեջերը ջախջախված էր.

-Եթե վիրավորանք եմ հասցրել նման կարևոր հյուրի, ինձ կարող են աշխատանքից հեռացնե՛լ … կամ սպանե՛լ։

Սակայն Հարութը վստահեցրեց, որ Քըրքը գոհ է անձնակազմից և նրանց մասին գովեստի խոսքեր է շռայլել։ Նա բացատրեց, որ խնդրի լուծումը մենեջերից կախված չէ։

-Դժբախտաբար, պալատը մալուխային հեռուստատեսություն չունի, -ասաց նա։

Քըրքը զրկված էր ֆոնդային բորսաների օրական հաշվետվություններից՝ փոխարենը հույսը դնելով նահանգներում գտնվող բիզնես խորհրդատուներից հեռախոսային ընդհատուն կապի միջոցով ստացվող տեղեկությունների վրա։ Նույնիսկ Հայաստանով ճանապարհորդելիս նա փորձում էր հող նախապատրաստել «Էմ-Ջի-Էմ» կինոստուդիաների վրա ազդեցություն գործող խոշոր ֆինանսական գործարքների համար և մեծ հեռավորությունից բանակցություններ վարել «Էմ-Ջի-Էմի» ամենամեծ գործընկեր «Սևըն Նեթվորքը» գնելու վերաբերյալ։ Նրան ամբողջական ծառայություններ մատուցող արևմտյան ոճի հյուրանոց էր անհրաժեշտ։

Քըրքորյանի՝ Հայաստան կատարած այցի վերաբերյալ լուրերը մեկ գիշերվա ընթացքում տարածվել էին Քալիֆորնիայի անտառային հրդեհի նման։ Երկրորդ առավոտյան, երբ Քըրքը և Հարութը դուրս էին գալիս հյուրանոցից, նրանք բախվեցին գրեթե մեկ թաղամասի չափով ձգվող մարդկանց հերթի. տասնյակ հայեր՝ ձեռքներին նկարներ ու փաստաթղթեր։ Հարութը առաջարկեց, որ թողնեն իրենց փաստաթղթերը, իսկ հետո ինքն անձամբ դրանց կանդրադառնա։

-Ի՞նչ էին ուզում,- հարցրեց Քըրքն այն պահին, երբ Հարութը իրեն մի կողմ տարավ։

-Դե, նրանք բոլորն ապացույցներ ունեն, որ որևէ ազգակցական կապ ունեն Քալիֆորնիայի Քըրքորյանների հետ,- բացատրեց Հարութը։ Երևի բոլորդ զարմիկներ եք։

-Օ՜, Աստվա՛ծ իմ։

Հարութն ու Քըրքն ուղղվեցին դեպի արտաքին գործերի նախարարություն, որտեղ կեսօրին նախատեսվող հանդիպմանը պետք է աչքի անցկացնեին կառավարության մամուլի հաղորդագրությունը, որով հայտարարվում էր խոշոր մայրուղու կառուցման նախագծի համար «Լինսի» հիմնադրամի 100 միլիոն դոլարի նվիրատվության մասին։ Հարութն անմիջապես հանեց գրիչն ու սկսեց որոշ տողեր ջնջել ևուղղումներ կատարել։

-Ի՞նչ ես անում, -հարցրեց Քըրքը։

-Խմբագրում եմ, -ասաց Հարութը։

-Դե լավ, վերջ տուր։ Թող նրանք հայտնեն դրա մասին այնպես, ինչպես ուզում են։

Հարութը զարմանքից լռել էր։ Ինչի՞ էր վերածվել Քըրքը՝ «շիշ-քեբաբ հայի՞»։

Քըրքի՝ երկրում անցկացվելիք վերջին ամբողջական օրվա համար նախատեսվում էր այց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան։

Մերօրյա բոլոր հայերը մեծանում են՝ լսելով սահմռկեցուցիչ պատմություններ բռնի տեղահանությունների, ճանապարհին տեղի ունեցած կոտորածների ևէթնիկ զտումների մասին, որոնք իրականացվել կամ քաջալերվել են օսմանյան ղեկավարների, թուրքերի և քրդերի կողմից։ Քըրքի հայրը՝ Ահարոնը, և պապը՝ Գասպարը, երկուսն էլ ծնվել և մեծացել էին Խարբերդի շրջանում, որն այն ժամանակ Հայաստանի կազմում էր։ Այժմ այն Թուրքիայի արևելյան կենտրոնն է։ Նրանք երկուսն էլ թողեցին հայրենիքը նախքան բռնության կատաղի գրոհը, որի արդյունքում 1915-ից 1923 թվականներին 1.5 միլիոն մարդ զոհվեց։

Չնայած Ահարոնը երբեք նման վայրագությունների ականատես չէր եղել, նա Քըրքին, նրա քույրերին ու եղբայրներին սարսափելի պատմություններ էր պատմում, թե ինչպես էին օսմանյան զինվորներն իրենց արյունոտ սվինների վրա հայ մանուկներին վեր բարձրացնում։ Նույնիսկ եթե այդ ժամանակաշրջանի որոշ վայրագություններ չափազանցված էին կամ հորինված, դրանցից շատ շատերը չափազանց իրական էին։ Իսկ մարդկային զոհերի թիվն ապշեցնող էր։

Հազարավոր հայկական գյուղեր մեկ գիշերվա մեջ դարձան ուրվականների բնակավայրեր, որոնց բնակիչները ստիպված էին հարյուրավոր մղոններ անցնել առանց ուտելիքի, ջրի կամ պատշաճ հագուստի՝ ենթարկվելով ավազակախմբերի, բռնաբարողների և մարդասպանների հարձակումներին։ ԱՄՆ-ի՝ տարածաշրջանի դիվանագետները սարսափելի էին կոչում այն, ինչի ականատեսն էին դարձել իրենք։ Նրանցից մեկը Վաշինգթոնին զգուշացրեց «ամենասարսափելի հանցագործության մասին… որ երբևէ իրականացվել է որևէ մարդկային ռասայի նկատմամբ»2:

Հոր պատմությունների մասին հիշողությունները վերակենդանացան թանգարան կատարած այցի ժամանակ՝ ապակյա սափորների մոտ ավարտվող հուզիչ շրջապտույտից հետո։ Զբոսավարը գիտեր, որ Քըրքի ընտանիքը սերում է Խարբերդից՝ Եփրատ գետից դեպի արևելք գտնվող հին հայկական քաղաքից։ Նա հերթով նայեց անոթները և դրանցից մեկը դուրս հանեց։ Այն շատ նման էր մյուսներին՝ հողով լի սափոր։

Վերցնելով Քըրքի ձեռքը՝ տղամարդը նրա ափը դեպի վեր շրջեց և շագանակագույն հողից մի փոքր բուռ լցրեց։ Գուցե կես բաժակ։

-Խարբերդից է՝ Ձեր հոր հողից, -ասաց նա։

Քըրքը ոչինչ չասաց։ Նա անշարժ էր։ Նա պարզապես նայում էր իր ձեռքին և հողին, երբ աչքերը լցվեցին, և դուրս հորդեցին արցունքները։

Ավելի ուշ այդ օրը՝ «Մարիոթ» հյուրանոցի միջանցքից Քըրքն ու Հարութն ուղղվեցին դեպի վերելակների սրահը, որտեղ մի մարդ շտապեց կանգնեցնել նրանց։ Նա ցածրահասակ էր ևամրակազմ, հագին սպորտային վերնաշապիկ էր, նա արկղի մեջ ինչ-որ ծանր բան էր տեղափոխում։

«Խնդրում եմ»՝ հայերենով ասաց տղամարդը. նա ամբողջ ցերեկ սպասել էր պրն Քըրքորյանին հանդիպելու այս հնարավորությանը։ Նրա անուն-ազգանունը Լևոն Թոքմաջյան էր։ Նա քանդակագործ էր։ Նա մի բան պետք է ցույց տար և մի պատմություն պատմեր։ Եվ արագ բացեց արկղը։

Դրա մեջ Քըրք Քըրքորյանի գլուխն էր. ֆինանսիստի՝ կավճի սպիտակություն ունեցող գիպսե կիսանդրին դատարկ ու անկենդան արտահայտությամբ նայում էր շփոթված Քըրքին։ Երկուսի գլուխներն էլ զարդարում էր միևնույն՝ բարձր հետ սանրած մատնող սանրվածքը։

Հարութը փորձեց մարմնով ծածկել Քըրքին՝ նրանց միջև կանգնելով և Քըրքին մյուս վերելակով փախչելու հնարավորություն տալով։

-Ցավում եմ, մենք ժամանակ չունենք…

-Ինչքա՞ն, -ընդհատեց Քըրքը առուծախի ժամանակ օգտագործվող հայերեն արտահայտությամբ, որն ինքը հիշում էր։ Սակայն Լևոնն անմիջապես սկսեց պատմել արկղի մեջ գտնվող գլխի վերաբերյալ պատմությունը։

Այն պատվիրել էր Սուրբ Էջմիածին քաղաքի նախկին քաղաքապետը։ Քըրքը հասկացավ այդ բառերի իմաստը։ Հայ առաքելական եկեղեցու հետևորդների համար Էջմիածինը նույնքան կարևոր է, որքան Վատիկան քաղաքը Հռոմեական կաթոլիկ եկեղեցու համար։ Ամենայն հայոց կաթողիկոսը, ով բնակվում է այնտեղ, խորապես զգացված է երկրաշարժից հետո Քըրքի ցուցաբերած առատաձեռնությամբ, իսկ նախկին քաղաքապետը պարզապես ցանկացել է մեծարել նման առատաձեռնությունը։ Նա պլանավորում էր քաղաքի պողոտաներից մեկը Քըրքորյանի անունով վերանվանել և տեղադրել Քըրքորյանի կիսանդրին ինչ-որ կանաչապատ հրապարակի մի հատվածում՝ քարե պատվանդանի վրա։

Դա հավանաբար նախքան լուրերի տարածվելն էր քաղաքապետարանում այն մասին, որ պրն Քըրքորյանը գերադասում է անանուն մնալ, և հրապարակային ձևով նման հարգանքի տուրք մատուցելը իրականում մեծ շփոթության մեջ կգցի նրան։ Մինչ այդ, սակայն, Լևոնն արդեն պատրաստել էր նախնական գիպսե կաղապարը՝ հիմնվելով Երևանի ամերիկյան համալսարանի օգնությամբ հայթայթած լուսանկարների և տեսանյութերի վրա։

-Այն շատ լավն է, -ասաց Քըրքը՝ գլխի շարժումով ցույց տալով արկղի մեջ դրված կիսանդրին։ Այդ միջոցին նա ձեռքը տարավ գրպանը, որ հարյուր դոլարանոց թղթադրամների կապոց հանի։

-Կցանկանայի այն ինձ հետ տանել, երբ առավոտյան մեկնենք։

Քըրքը խոսելու ընթացքում կապոցից թղթադրամներ էր հանում։ Երբ նա արդեն հանել էր առաջին չորս կամ հինգ թղթադրամները, Լևոնն ուշադիր նայում էր, և գրեթե կասկած չկար, որ հաշվում է։ Քըրքը շարունակեց թղթադրամներ հանել։ Երբ արդեն առնվազն քսան հարյուր դոլարանոց թղթադրամ էր հանել, ծալեց դրանք և հանձնեց Լևոնին։ Հարութին թվաց, թե գումարը մոտավորապես 1,700-ից 2,200 դոլար է կազմում։ Սակարկություն չեղավ։ Քանդակագործը խոստացավ, որ նախքան առավոտյան հյուրանոցից մեկնելը ինքը կբերի գիպսե կիսանդրին՝ այն ապահով տեղափոխելու համար պատշաճ ձևով փաթեթավորված և ծածկված։

-Ես փորձում էի նրան ճանապարհել, -գործարքից հետո ձայնի՝ ներում հայցող երանգով ասաց Հարութը։-Ի՞նչ ես անելու դրա հետ։