• Sun. May 12th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ինչպես հանգուցալուծվեց «Հաղթանակ» թաղամասի բնակիչների՝ իրենց հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու հարցը

ByEditor

Jun 1, 2023

Տասնամյակներ շարունակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի «Հաղթանակ» թաղամասի բնակիչները հնարավորություն չեն ունեցել 1990-ականներին իրենց բաժանված հողերի հանդեպ սեփականության իրավունք ստանալու:
Ժամանակին այդ հողամասերը բնակիչներին են տրամադրվել սեփականության ակտով, մինչդեռ օրենքի փոփոխությունից հետո սեփականության վկայականով փոխարինման անհրաժեշտություն էր առաջացել:

Ինչպես BanksNews-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանի հաղորդագրությունից, hամայնք-հաղթանակցիներ գործակցության շնորհիվ քաղաքապետարանը խնդրի լուծումն արդեն գործնական փուլ է տեղափոխել: Երևանի փոխքաղաքապետ Գևորգ Սիմոնյանն ու քաղաքապետի խորհրդական Սաշա Կատվալյանը հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի որոշումներ են տրամադրել թաղամասի բնակիչներին:

«Վերջապես հնարավորություն ստեղծվեց ձեր հողամասերի հետ կապված հատակագծերը թողարկել: Թեման իսկապես խնդրահարույց էր և դժգոհությունների առիթ էր տվել: Մենք կարողացանք հաջողության հասնել համատեղ աշխատանքի շնորհիվ, և ես շնորհակալություն եմ հայտնում ձեզ՝ համբերատարության ու համայնքի հետ կառուցողական աշխատանքի համար»,- նշել է փոխքաղաքապետը:

«Այս պահի դրությամբ մեզ հայտնի ակտերի թիվը 268 է, բայց քաղաքապետարան մուտք է եղել ընդամենը 145 գործ: Մենք բնակիչներին բազմիցս տեղեկացրել ենք, թե անհրաժեշտ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնեն, սակայն մարդիկ ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացրել դրանք: Դիմումներից 19-ը վերջնականորեն մերժվել են տարբեր հիմքերով, և փաստացի այս պահին շրջանառության մեջ է ընդհանուր առմամբ 68 գործ՝ բացի այսօրվա հանդիպմանը ներկա բնակիչների 22 գործից: Իրականում ինչո՞ւ էին խնդիրներ առաջանում. ակտով տրված հողամասերի չափերն այլ էին, քաղաքապետարան բնակիչները ներկայացում էին այլ չափի և ձևի չափագրված տվյալներ: Ուստի, շատ կարևոր է քաղաքապետարան ներկայացնել այնպիսի չափագրումներ, որոնք համապատասխանում են իրական պատկերին»,- ընդգծել է Սաշա Կատվալյանը:

Հարկ է նշել, որ, եթե նախորդ տարիներին մեկ կամ երկու որոշում էր տրամադրվում, ապա այս տարի արդեն հողի սեփականության ակտի հիմքով քաղաքապետի շուրջ 30 որոշում է տրամադրվել: Գործընթացը կլինի շարունակական և «Հաղթանակ» թաղամասի բնակիչներն առկա բոլոր դիմուների առնչությամբ կստանան սպառիչ պատասխաններ: