• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են. որքան են կազմում արտահանման ծավալները 2023թ. առաջին եռամսյակում

ByEditor

May 23, 2023

Հայաստանի տնտեսության համար մեր երկրում արտադրված արտադրանքի արտահանման անխափան կազմակերպումը կենսական նշանակություն ունի: Իշխանությունները պետք է անեն անհնարինը, որպեսզի համապատասխան շուկաներում ներկայացված լինեն հայկական արտադրատեսակները: Ցավոք, որոշ ոլորտներում նկատվում են խնդիրներ, որոնք անմիջապես կարող են ազդել ներքին իրավիճակի վրա: Մասնավորապես, ինչպես հայտարարեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը,  «Արարատ» կոնյակի արտադրությամբ զբաղվող Երևանի կոնյակի գործարանը կդադարեցնի իր արտադրանքի արտահանումը ռուսական շուկա:

Անշուշտ, սա անհանգստացնող նորություն է, հատկապես գյուղացիների համար, որոնք իրենց խաղողը հանձնում են մթերման: Բացի այդ՝ կորցնել մոտ 140 միլիոնանոց շուկան, դա լուրջ մարտահրավեր է: Սակայն, ինչպես նշված է Երևանի կոնյակի գործարանի կայքում, հայկական կոնյակն արտահանվում է 50 երկրներ: Հետևաբար, եթե ընկերությունը կարողանա մեկ կամ մի քանի ուղղություններով ընդլայնել արտահանման ծավալները, հնարավոր կլինի նվազեցնել կորուստները, որոնք անկասկած նկատվելու են ռուսական շուկայի շրջացման արդյունքում:

Իհարկե, մեր ոչ խորքային մոտեցումը, պայմանավորված անմիջապես ընկերությունից ունեցած ոչ բավարար տեղեկատվությամբ, բավարար չէ եզրահանգումներ անելու համար, սակայն, ուսումնասիրելով Վիճակագրական կոմիտեի տրամադրած տվյալները, նկատում ենք, որ կոնյակը շարունակում է ներառվել սպառողների (օգտագործողների) կողմից հիմնականում հայցվող 25 ապրանքատեսակների ցանկում.

Գծապատկեր 1. Կոնյակի արտադրության, ներմուծման և արտահանման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 2023թ-ի առաջին եռամսյակում ՀՀ-ում արտադրվել է 3,956.4 հազար լիտր կոնյակ: Նկատենք, որ 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ կոնյակի արտադրության ծավալները կրճատվել են 14%-ով:

Հայաստանը 2023թ-ի առաջին եռամսյակում ներմուծել է 0.4 հազ. լիտր: Ներմուծման ծավալները 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ կրճատվել են 95%-ով: Կոնյակի արտահանման ծավալները 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել են 3,861.7 հազար լիտր: Վերջինս 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 36%-ով:

Վիճակագրական տվյալների համաձայն՝ 1լ կոնյակի մանրածախ միջին գինը 2023թ-ի առաջին եռամսյակում կազմել է 13,173 դրամ, որը 2022թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 10%-ով: