• Sat. May 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Որոնք են ՀՀ տնտեսության համար սպառնալիք հանդիսացող երկրները՝ ըստ ՄՀԻ հարցումների

ByEditor

May 6, 2023

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո կտրուկ փոխվեց իրավիճակը մեր տարածաշրջանում. Հայաստանը, կարելի է ասել, կորցրեց իր դեմքն ու դիրքը, ինչը չես կարող ասել հարևան երկրների մասին։ Մեր իշխանությունները վարում են անհասկանալի քաղաքականություն. հատկապես մտահոգիչ է ոչ միայն Արցախի փաստացի հանձնումը Ադրբեջանին, այլ նաև շահարկումները բուն ՀՀ տարածքի շուրջ։

Այս առումով ուշագրավ հայտարարություններ է արել Ն․ Փաշինյանը Չեխիայում՝ պաշտոնական այցի շրջանակներում։ Այնտեղ արված հայտարարություններից երևում է, որ Ադրբեջան-Թուրքիա զույգի ախորժակը գնալով մեծանում է և էական սպառնալիքներ են ստեղծվել արդեն Հայաստանի համար։ Վարչապետը մի դեպքում խոսում է հայ-թուրքական եղբայրության և համերաշխության մասին, մյուս կողմից հայտարարում, որ Ադրբեջանը չի բավարարվելու միայն Արցախի հանձմամբ։

Զարմանալի են նաև մեր տնտեսական բլոկի ներկայացուցիչների հայտարարությունները, որ հայ-թուրքական սահմանի բացումը հսկայական օգուտներ է բերելու մեզ։ Տնտեսագետները միշտ պետք է գիտակցեն սահմանների բացման այլընտրանքային գինը, որը մեր կարծիքով չափազանց թանկ է լինելու։
Ներկայիս իշխանությունները շարունակում են խնդիրներ ստեղծել նաև ՀՀ՝ դեռևս ռազմավարական դաշնակից համարվող ՌԴ հարաբերություններում։

Հարաբերությունները մի փոքր լավ են Վրաստանի և Իրանի հետ։ Սակայն, նման խայտառակ արտաքին քաղաքականության իրականացման պարագայում մենք խնդիրներ կունենանք նաև Վրաստանի և Իրանի հետ։

Այն պարագայում, երբ ՀՀ էկոնոմիկայի նախարարը համարում է թուրք-հայկական տնտեսական կապերի աշխուժացումը չափազանց մեծ ձեռբերում, հայ հասարակությունն այլ կերպ է մտածում․

Գծապատկեր 1․ ՀՀ տնտեսության համար սպառնալիք հանդիսացող առանցքային  երկրների ցանկը 

Ինպես ցույց են տալիս ՄՀԻ-ի/Միջազգային հանրապետական ինստիտուտ-IRI/ նախաձեռնությամբ իրականացված հետազոտության արդյունքները, 2023թ-ի հունվարի 23-ից մարտի 4-ը ընկած ժամանակահատվածում հարցված հայաստանցիների կարծիքով ՀՀ տնտեսության համար առաջին սպառնալիք ստեղծող պետությունը Թուրքիան է։ Այս տեսակետը կիսում են հարցվածների 66%-ը։ Այս տեսակետը միայն զարմանք է առաջացնում ՀՀ կառավարության մոտ, իսկ մեր հանրության համար արդեն իսկ ՀՀ-ի 30 տարվա շրջափակումը, թուրքերի կողմից ցեղասպանության ժխտումը, 44-օրյա պատերազմում լիակատար աջակցությունը Ադրբեջանին և վերջերս Թուրքիայի օդային տարածքը փակելը, նշանակում են, որ երբ թուրքերը խոսում են խաղաղությունից, անհրաժեշտ է պատրաստվել պատերազմի։

ՀՀ տնտեսության երկրորդ սպառնալիքը Ադրբեջանն է։ Այս տեսակետը աջակցում են հարցվածների 62%-ը։ Բացի հայաստանյան իշխանություններից, բոլորը հասկանում են, որ ադրբեջանցիները, որոնց քայլերը սպառնալիք են մեր անվտանգությանն ու պետականությանը, պարզապես չեն կարող Հայաստանին լծակներ տալ տնտեսության վերելքի համար։

Ցավոք, ՀՀ տնտեսության համար սպառնալիք է համարվում նաև Ռուսաստանը։ Այսպես է կարծում հարցվածների 28%-ը։
Սա անարդյունավետ հարաբերությունների հաստատման արդյունքն է ռազմավարական դաշնակցի հետ, որին պատկանում են ՀՀ տնտեսության բանալիները, որոնք տրվել են ՀՀ բոլոր իշխանությունների օրոք։

Հարցվածների 13%-ը ՀՀ տնտեսության համար սպառնալիք է համարում հարևան Վրաստանին, որն ավելի շատ ինտեգրված է թուրքական պետությունների շարքերը։
Հարցվածների միայն 4%-ն է համարում Իրանին սպառնալիք մեր տնտեսության համար։

                 Այս հարցումները ցույց են տալիս Հայաստանի հանրության արձագանքը իշխանությունների կողմից վարվող անհեռանկար արտաքին քաղաքականությանը, իսկ այն շարունակում է ավելի շատ խնդիրներ առաջացնել, քան տալ առկա խնդիրներին լուծումներ։