• Tue. May 21st, 2024

kommersant.am

Just another WordPress site

Աֆրիկյան անտիլոպներ, բորենիանման շներ․ Ի՞նչ կենդանատեսակներով կհամալրվի Երևանի կենդանաբանական այգին

ByEditor

May 2, 2023

Երևանի Կենդանաբանական այգու տեղափոխման նախագիծը չի քննարկվել ոչ տնօրենի, ոչ կառավարման խորհրդի հետ։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանաբանական այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Ասլանյանը։

«Ծրագրի մասին լսել եմ լրատվամիջոցներից, քննարկում չի եղել: Ենթադրում եմ, որ ընդհանուր քաղաքի էկոլոգիական զարգացման կոնտեքստում է հայտարարվել։ Չեմ կարող ասել՝ մտադրություն է, որը կարող է բազմապիսի փոփոխությունների ենթարկվել, թե ձևավորված ծրագիր։ Քանի որ չի քննարկվել, ենթադրում եմ, որ մտադրություն է պարզապես։

Այգու տնօրենի խոսքով՝ ամբողջ աշխարհում կան նման իրադրություններ, երբ քաղաքն ընդլայնվում է ու այգին հայտնվում է քաղաքի տարածքում։

«Առաջանում է հարց․ ինչպե՞ս ընդլայնել այգին, երբ քաղաքի ներսում է։ Արդյո՞ք արժե այդ այգին վերացնել, քանդել, տեղափոխել։ Աշխարհում կան բազմաթիվ այդպիսի օրինակներ, էնտեղ լուծումը գտնվել է հետևյալ ձևով․ այգին որպես պատմամշակութային արժեք թողնվում է ներսում, պահպանվում է։ Իսկ կենդանիների համար ազատավանդակներ ապահովելու համար, ինչը քաղաքի կենտրոնում հնարավոր չի լինում, քաղաքին հարակից բացվում են «Սաֆարի» պարկերի նման տարածքներ, այսինքն մեծ տարածքներ, որտեղ տեղափոխվում են խոշոր կենդանիները մեծ ազատավանդակներով։ Մի լուծումը մյուսին չի բացառում։ Երբ քննարկումներ կլինեն, աշխատանքային ծրագիր կլինի, մենք կներկայացնենք մոտեցումները, և կգտնվի օպտիմալ լուծում»,- նշեց տնօրենի պաշտոնակատարը։

Նրա խոսքով՝ այս պահին այգին ունի հին կոմունիկացիաների և շենքերի վերականգնման խնդիրներ, որոնք կարելի է իրականացնել շատ ավելի փոքր գումարներով։

«Այգին կա, պետք է ուղղակի վերացնել թերությունները, որոնք ժամանակի ընթացքում կուտակվել են։ Տարվա ընթացքում պայմանավորվածություններ ենք ձեռք բերել նոր կենդանիներով համալրելու փոխանակումների ձևով առանց լրացուցիչ ֆինանսական ներդրումների»:

Ըստ Ասլանյանի պայմանավորվածություն կա Հայաստան բերելու սպիտակապոչ գնու, աֆրիկյան մեկ-երկու անտիլոպներ, բորենիանման շներ և այլ կենդանատեսակներ։