• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Երեւանում արտահերթ ընտրություններ չեն լինի. Ավինյանը դեռ վարկանիշ հավաքելու խնդիր ունի. քաղտեխնոլոգ

ByEditor

Mar 18, 2023

Քաղաքական տեխնոլոգ Վիգեն Հակոբյանը քիչ հավանական է համարում, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի հրաժարականին կարող են հետեւել ավագանու արտահերթ ընտրություններ։ NEWS.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ իշխող ուժը արտահերթի գնալու պարագայում պետք է վստահ լինի, որ իր թեկնածուն՝ Տիգրան Ավինյանը միանշանակ կհաղթի, մինչդեռ սոցհարցումների համաձայն Ավինյանի վարկանիշը ցածր է։

«Հրապարակված սոցհարցումները, նաեւ այն հարցումները, որոնք իրենք անցկացնում են երկու շաբաթը մեկ ներքին խողովակներով, ցույց են տվել, որ իրավիճակն այդքան էլ բարենպաստ չէ»,– ասաց նա։

Քաղտեխնոլոգի կարծիքով՝ «Քաղաքացիական պայմանագիրը» Հրաչյա Սարգսյանին պաշտոնից հեռացնելով փորձում է լուծել Ավինյանի ցածր վարկանիշի խնդիրը։

«Այնտեղ ավելի շուտ կար մրցակցություն Հրաչյա Սարգսյանի եւ ՔՊ-ի թեկնածու Տիգրան Ավինյանի միջեւ, որը մենք տեսնում էինք: Բացի այդ, ասում էին, որ Հրաչյա Սարգսյանի վարկանիշն ավելի բարձր էր, քան Ավինյանինը: Ես կարծում եմ՝ այս որոշումը պայմանավորված է նրանով, որ, գուցե, Հրաչյա Սարգսյանի գործոնը խանգարում էր ՔՊ-ի թեկնածուին եւ նախընտրական արշավում եւ թիմային աշխատանքում, որովհետեւ, ամեն դեպքում, քաղաքապետարանում կարծես թե ղեկավարման երկու կենտրոն գոյություն ուներ»,-ասաց նա:

Վիգեն Հակոբյանի խոսքով՝ Հրաչյա Սարգսյանի հեռանալու պատճառներից մեկը կարող է լինել նաեւ իշխանության ներսում առկա ներկլանային մրցակցությունը. Հրաչյա Սարգսյանը իշխանական որոշ շրջանակների՝ քաղաքապետի նախընտրելի թեկնածուն էր։

«Նաեւ դրանով է պայմանավորված, որ որոշեցին Հրաչյա Սարգսյանին խաղից հանել: Միաժամանակ, տեսականորեն ես չեմ բացառում, որ եթե իշխանության ներսում ուժերի հարաբերակցությունը լինի ոչ ի օգուտ Տիգրան Ավինյանի թեւի, նույն Հրաչյա Սարգսյանը կարող է լինել իշխանության թեկնածուն»,– ասաց նա։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն այսօր հրաժարական ներկայացրեց։ Քաղաքապետի գործառույթներն այսուհետեւ կիրականացնի քաղաքապետի առաջին տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։