• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ռուսաստանի 10-ամյա ծրագիրը՝ ապակայունացնել Մոլդովան

ByEditor

Mar 18, 2023

Ռուսաստանի անվտանգության ծառայության (ԱԴԾ) կողմից կազմված գաղտնի պլանը ներկայացնում է Մոլդովան ապակայունացնելու մանրամասն տարբերակներ՝ ներառյալ ռուսամետ խմբերին աջակցելը, ուղղափառ եկեղեցու օգտագործումը և բնական գազի մատակարարումը դադարեցնելու սպառնալիքը: Այդ մասին հայտնում է CNN-ը։

Փաստաթուղթը, ըստ երևույթին, կազմվել է Մոլդովայի և Արևմուտքի սերտ հարաբերություններն ու ԵՄ-ին անդամակցելու դիմումը խափանելու համար։

Այն ձեռք է բերվել և առաջին անգամ բացահայտվել զլմ-ների մի կոնսորցիումի կողմից, ներառյալ՝ «VSquare»-ը և «Frontstory»-ն, «RISE Moldova»-ն, շվեդական «Expressen»-ը, հետաքննող լրագրության «Dossier Center»-ը և այլն։

Ըստ CNN-ի՝ ծրագրի նպատակն է Մոլդովային կախվածության մեջ դնել ռուսական գազի ներկրումից և սոցիալական բախումներ հրահրել, նաև՝ փորձել արգելափակել Մոլդովայի ջանքերը՝ ազդեցություն ձեռք բերելու Մերձդնեստրի ռուսամետ անջատողական շրջանում, որտեղ տեղակայված է մոտ 1500 ռուս զինվոր:

Հինգ էջանոց փաստաթուղթը բաժանված է բազմաթիվ վերնագրերի` կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ նպատակներով: Անմիջական նպատակների թվում են «աջակցությունը մոլդովական քաղաքական ուժերին, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ կառուցողական հարաբերությունների օգտին», և «Մոլդովայի նախաձեռնությունների չեզոքացումն՝ ուղղված Մերձդնեստրում ռուսական ռազմական ներկայության վերացմանը»։

Միջնաժամկետ նպատակները ներառում են «հակադրություն Մոլդովայում Ռումինիայի նվաճողական քաղաքականությանը» և «Մոլդովայի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցության դեմ քայլերը»:

ԱԴԾ փաստաթուղթը սահմանում է երկարաժամկետ նպատակներ, այդ թվում՝ «Մոլդովայի քաղաքական և տնտեսական վերնախավում ազդեցության կայուն ռուսամետ խմբերի ստեղծում» և «ՆԱՏՕ-ի նկատմամբ բացասական վերաբերմունքի ձևավորում»։

Մեկնաբանելով փաստաթղթի մասին հարցը՝ ՌԴ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է. «Մենք ոչինչ չգիտենք նման ծրագրի գոյության մասին։ Չեմ բացառում, որ սա հերթական կեղծիքն է։ Ռուսաստանը միշտ եղել և մնում է բարիդրացիական, բաց, փոխշահավետ հարաբերություններ կառուցելու ջատագով, այդ թվում՝ Մոլդովայի հետ»։