• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Միջազգային համակարգը խափանված է, ո՞ր մեխանիզմն է աշխատելու Արցախի համար

ByEditor

Mar 16, 2023

Անհրաժեշտ է միջազգային խաղաղապահների մեխանիզմ, որը թույլ կտա ապահովել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներն ու անվտանգությունը, Հայաստանում հայտարարել է ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղար, «Ռասմուսեն գլոբալ» հիմնադրամի հիմնադիր ու ղեկավար Անդրես ֆոգ Ռասմուսենը: Նա Հայաստանի կառավարության հրավերով այցելել էր Հայաստան, եղել Ջերմուկում, խոսել Լաչինի միջանցքի արգելափակման մասին, նկարվել միջանցքի սկզբնամասի արգելափակոցի մոտ, կոչ արել Ալիևին անհապաղ բացել միջանցքը և կարծիք հայտնել, որ նրա հետ գազային համաձայնություններ ունեցող Եվրոպան պետք է ստիպի նրան բացել միջանցքը: Ռասմուսենի արտահայտած մտքերը կարծես թե բալասան են մեր տրամադրությունների համար, որովեհետւ շոշափում են կարևորագույն հարցեր ու խնդիրներ:

Գլխավոր հարցը սակայն այն է, թե այդ բալասանը որքանով է ի զորու վերաճել իրավիճակի, երբ նրա արտահայտած տոնայնության կրող կդառնան նաև միջազգային վերնախավերը: Որովհետև, նա խոսում է Ալիևին ստիպելու մասին, իսկ ահա Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լ. Բոնոն, որը գործող պաշտոնյա է և ներկայացնում է Կովկասում ամերիկյան քաղաքականությունը, հայտարարում է, որ խոսք չկա պատժամիջոցի մասին, քանի որ դա կբերի հակառակին: Այսինքն, խոսք չկա Ալիևին ստիպելու մասին: Գործնականում դրա վերաբերյալ են նաև ԵՄ գործող պաշտոնյաների հայտարարությունները, օրինակ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Կլաարի: Իհարկե Եվրախորհրդարանը հերթական բանաձևն է ընդունել, որով դատապարտում է Ալիևի քայլերը, բայց այդ բանաձևերի վիճակագրությունը կարծես թե որևէ կերպ չի ազդում պատկերի փոփոխության վրա: Սա տարօրինակ չէ, սա հասկանալի է: Ընդունելի չէ, բայց՝ հասկանալի է:

Այսօր չկա աշխատող միջազգային մեխանիզմ, որովհետև կա համաշխարհային ռեսուրսների, տրանսպորտային, լոգիստիկ հանգույցների, ազդեցության համար գլոբալ պայքար, որն ընթանում է մինչև անգամ միջուկային պատերազմի սպառնալիքի եզրագծով՝ որքան էլ բանականությունը հուշում է, որ այդուհանդերձ այդպիսի զենք տնօրինողներին չի լքել և չի լքի ողջախոհությունը: Այդուհանդերձ, նույն ողջախոհությունը չպետք է լքի նաև մեզ, մեր մասշտաբին համահունչ, և չպետք է բերի որևէ միջազգային մեխանիզմի հանդեպ պատրանքի:

Որևէ այդպիսի մեխանիզմ կարող է աշխատելու շատ, թե քիչ իրատեսականություն ստանալ, եթե մենք դառնանք համաշխարհային պատերազմի որևէ ճամբարի անմիջական մասնակից: Մի բան, որի պարագայում, մինչ կաշխատի որևէ մեխանիզմ, շարքից դուրս կբերեն Հայաստանը: Ու Հայաստանին չի մնում այլ բան, քան շարքում մնալու համար պարզապես կարողանալ ձևավորել աշխարհակարգային մեծ բախման բոլոր էական մասնակիցնների հետ փոխհարաբերության և աշխատանքի ճյուղավորված մեխանիզմ, որն էլ այսօր կարող է լինել դե ֆակտոի միակ «միջազգային մեխանիզմը», որն ի զորու է ներկայիս փուլում ապահովել թե Արցախի, թե նաև Հայաստանի անվտանգությունը և իրավունքները: Այդ առումով, ՆԱՏՕ նախկին գլխավոր քարտուղարն օրինակ կարող է լինել աշխատանքային օժանդակ գործոն, բայց երբեք ոչ՝ նոր պատրանքների աղբյուր: