• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Այս պահին ԱԺ-ի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվում է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը

ByEditor

Mar 16, 2023

Civic.am-ի բացառիկ տեղեկություններով, այս պահին Ազգային ժողովի 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում հարցաքննվում է ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։

Հանձնաժողովը իրավասություն ունի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

Հիշեցնենք, որ Քննիչ հանձանաժողովը ստեղծվել է 2022 թվականի հոկտեմբերի 2-ին՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նախաձեռնությամբ։
Հանձնաժողովի քննության առարկան է՝

-2020 թվականի սեպտեմբերի 27-ի ռազմական գործողությունների սանձազերծման նախադրյալները, պատճառներն ու պայմանները, պատերազմի ժամանակագրությունը, հայկական կողմի կրած կորուստները:

-Պաշտպանության ոլորտի ղեկավարման և կառավարման համակարգը, պատերազմին նախորդող ժամանակահատվածում պաշտպանության ոլորտում սահմանված նախապատրաստական գործողությունների ընթացքը։

-Զինվորական ղեկավար մարմինների և պաշտոնատար անձանց գործողությունների, ընդունված որոշումների օպերատիվությունը, դրանց համապատասխանությունը և համարժեքությունը ստեղծված օպերատիվ ռազմական իրավիճակին:

-Ռազմական գործողությունների ընթացքում և դրանից հետո հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների ուսումնասիրություն:

-Զինված ուժերի ապահովման, թիկունքային սպառազինության, մարտական պատրաստության, մարտական հերթապահության կրման կանոնների կատարման, զորքերի համալրման, զորքերի ծառայության, հետախուզական գործունեության վիճակի ուսումնասիրություն:

-Բանակցային գործընթացը, 44-օրյա պատերազմի ավարտը։
Հանձնաժողովի իրավասության ոլորտն է՝

-Պահանջել և ստանալ պաշտպանության ոլորտին առնչվող նորմատիվային և ոչ նորմատիվային ակտեր, հրամաններ, հրահանգներ, ծառայողական քննության նյութեր, զեկուցագրեր, տեղեկանքներ, կոլեգիայի և ռազմական խորհրդի հաշվետվությունները, փաստաթղթերը, զեկուցագրերը և այլն (այդ թվում գաղտնիության ռեժիմ ունեցող)

-Պահանջել համապատասխան քննչական մարմիններից պատերազմական գործողությունների ընթացքում հարուցված քրեական գործերում ռազմական իրադարձությունները հաստատող կամ հերքող փաստական հանգամանքների մասին տեղեկատվություն։ Անհրաժեշտության դեպքում հրավիրել քննչական մարմինների պաշտոնատար անձանց:

-Հանձնաժողովի նիստերին հրավիրել պաշտոնատար անձանց, բարձրագույն սպայական կազմի ներկայացուցիչներին, ինչպես նաև այն անձանց, որոնք ներկայացրել են հանձնաժողովի իրավասության ոլորտին վերաբերող տեղեկություններ:

-«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով քննիչ հանձնաժողովին վերապահված այլ լիազորություններ։