• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

Փաշինյանն ԱԳՆ–ին հանձնարարել է դիմել ՄԱԿ` տեղահանված հայերին ԼՂ վերադարձնելու հարցով

ByEditor

Mar 16, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հանձնարարել է դիմել Միավորված ազգերի կազմակերպություն։ Այս մասին Փաշինյանը հայտնեց կառավարության նիստի ժամանակ։

Նա հիշեցրեց 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթը, որտեղ ասվում է, որ ներքին տեղահանված անձինք և փաստականները վերադառնում են ԼՂ–ի տարածք և հարակից շրջաններ ՄԱԿ–ի Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի վերահսկողության ներքո։

«Սա նշանակում է, որ պետք է միջազգային մեխանիզմներ գործարկվեն ԼՂ–ի Հադրութի շրջանի, Շուշիի, Մարտակերտի, Մարտունու, Շահումյանի շրջանների, Գետաշենի, Լաչինի և ԼՂ հարակից այլ շրջանների հայերի վերադարձի ուղղությամբ։ Այս մասով հանձնարարարել եմ ԱԳՆ–ին, որպեսզի բանակցություններ սկսի ՄԱԿ Փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հետ` տեղահանված հայերին Լեռնային Ղարաբաղ վերադարձնելու վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

Նա շեշտեց, որ այս կապակցությամբ պետական մարմինների են դիմում նաև Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչներ։ Նրանք բողոքում են, թե ինչու ՀՀ կառավարությունը չի պաշտպանում իրենց իրավունքները, ինչու չի բարձրացնում միջազգային խաղաղապահ ուժերի ուղեկցությամբ իրենց տները վերադառնալու հարցը։
Փաշինյանն ընդգծեց` խնդիրն այն է, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 7-րդ կետը վերաբերում է միայն ԼՂ–ին և նրան անմիջապես հարակից շրջանների փախստականներին ուներքին տեղահանվածներին։

Ըստ ՀՀ վարչապետի` սա խնդիր չէ, և Բաքվի, Շիրվանի, Սումգայիթի, Կիրովաբադի, Խանլարի, Շամխորի, Նախիջևանի և Ադրբեջանի այլ շրջանների էթնիկ զտման ենթարկված հայության ներկայացուցիչները կարող են ինքնակազմակերպվել և իրենց գույքային վերադարձի և այլ իրավունքները պաշտպանելմիջազգային ատյաններում։