• Fri. May 17th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Իսկ ո՞վ պետք է լուծեր Զինված ուժերում 5-րդ շարասյան ու մյուս խնդիրները

ByEditor

Mar 15, 2023

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր դիտարկմամբ՝ պատերազմում մեր պարտության պատճառն այն է, որ ՀՀ Զինված ուժերում գործել է հինգերորդ շարայսուն.« Ես կարծում եմ, որ առաջիկայում այդ փաստերն այնքան հրապարակային կլինեն, որ իմ այս արած հայտարարությունն այնքան տարօրինակ չի թվա, որքան հիմա է թվում: Զինված ուժերի 50-ի ավելի նախկին զինծառայողներ, այդ թվում բարձրաստիճան սպաներ, մեղադրվում են լրտեսության, պետական դավաճանության մեջ: Ես չգիտեմ՝ Հայաստանում կա՞ մարդ, որ մտածում է, որ նրանց գլխին գործ են սարքել: Այսօր մենք կալանքի տակ ունենք բարձրաստիճան զինվորականներ այլ հոդվածներով»,-հայտարարեց նա։

Փաշինյանը նաև հիշեցրեց, որ 2021-ի մայիսի 10-ին կառավարության հրաժարականը ուժի մեջ մտնելուց 2 օր անց Ադրբեջանը ներխուժում է իրականացնում Սոթք-Խոզնավար հատվածում. «Մենք այսօր բարձրաստիճան գեներալ ունենք այդ թեմայով կալանավորված: Ինչի՞ համար է կալանավորված, որքան գիտեմ, կալանավորված է նրա համար, որ չի կատարել դիտավորությամբ իր ծառայողական պարտականությունները ՀՀ տարածքային ամբողջականությունը պաշտպանելու համար: Ինչո՞ւ չի կատարել, չկա բացատրություն: Ես ինձ համար գիտեմ բացատրություն՝ ինչու չի կտարել: Ես չունեմ ապացույց, չգիտեմ՝ կունենամ, թե ոչ, բայց փաստերը իրենք իրենց մասին բարձր են խոսում»,-ասաց վարչապետը:

Իրավապաշտպան, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով այս մեկնաբանություններին նշեց.«Ինձ միշտ զարմացնում է, որ նախքան խորհրդարանի կողմից Քննիչ հանձնաժողովի աշխատանքի ավարտը, քննության արդյունքների վրա հիմնված զեկույցների առկայությունը, ինչ-որ հատվածային տարբեր գործոնների մասին պնդումներ են արվում։ Կարծես թե հենց այդ հանձնաժողովը պետք է պատերազմի հանգամանքների հետ կապված բոլոր հարցերի պատասխանները տա։ Խոսքն առաջին հերթին կառույցների մասին է, Զինված ուժերի կառավարման որակի, սպառազինությունների, թիկունքային մատակարարման՝ ընդհանրապես մարտական գործողությունների կառավարման, ի վերջո հակահետախուզության աշխատանքի, տեղեկատվական աշխատանքների, տարբեր ստորաբաժանումների միջև կապի մասին է։ Այսինքն՝ բոլոր այն հանգամանքները, որոնց հիման վրա գոյություն ունեն Զինված ուժերը, որոնք պետք է գործեն պատերազմի ժամանակ, պետք է ուսումնասիրվեն ու վերջնական պատասխան տրվի»,նկատեց նա։

Սաքունցի դիտարկմամբ՝ մեկ գործոնով ամբողջի մասին գնահատական տալ, չունենալով մյուս գործոնների մասին պատշաճ քննության արդյունքներ, շատ զարմանալի է, եթե ոչ՝ անընդունելի.«Նման մոտեցումներն անխուսափելիորեն ունեն քաղաքական նպատակահարմարության բնույթ։ Այսինքն՝ ըստ քաղաքական կոնյուկտուրայի այս կամ այն քաղաքական գործոնները կարող են կարևորվել՝ չհիշատակելով մնացած գործոնների նշանակությունը։ Բայց ամենամեծ խնդիրն այլ տեղ է։ Իսկ մենք չգիտեի՞նք, որ Զինված ուժերում վիճակը մտահոգիչ է։ Առնվազն կազմակերպությունները, մասնագետները մշտապես բարձրաձայնել են խնդիրները․ Մենք մշտապես բարձրաձայնել ենք Զինված ուժերում կոռուպցիոն դրսևորումների մասին։ Դա չէր վերաբերում միայն զորակոչին կամ մահացության դեպքերին։ Ինչպե՞ս էր հնարավոր համակարգային կոռուպցիայի կառավարման պայմաններում ունենալ արդյունավետ Զինված ուժեր։ Հնարավո՞ր էր հայ-ռուսական ռազմավարական դաշնակցության և Ռուսաստանի քաղաքական, տնտեսական, էներգետիկ ուղղակի վերահսկողության պայմաններում չունենալ խնդիրներ ինքնիշխան պետությանը բնորոշ Զինված ուժեր ունենալու տեսակետից։ Վերջին հաշվով՝ շատ պարզ բան է, որ 30 տարվա ընթացքում տարբեր լրտեսներ, դավաճաններ հայտնաբերվեցին տարբեր երկրներից, բայց Ռուսաստանի Դաշնության լրտեսներ չեն հայտնաբերվել։ Ի՞նչ է, չկա՞ն, ինչպե՞ս է հնարավոր։ Մեր աչքի առաջ կան քաղաքական պրոռուսական, նույնիսկ պրոպուտինյան քաղաքական ուժերը՝ լինելով իշխանության մեջ,ինչպե՞ս կարող էին իրենց դրսևորումները չունենային նաև Զինված ուժերում»։

Մեր զրուցակցի խոսքերով՝ շատ պարզ փաստ է, որ Պաշտպանության նախկին նախարարը, Գլխավոր շտաբի պետը, որը հիմա թաքնվում է ՌԴ-ում, Ռուսաստանի Դաշնության քաղաքացի էր. «Նոր գալ ու խոսել նման դրսևորումների մասին՝ հատվածային ու սուբյեկտիվ մոտեցում է, համակողմանի օբյեկտիվ գնահատական չէ։ Իսկ ինչու՞ այդպես ստացվեց, ո՞վ պետք է այդ հարցերին հենց հեղափոխությունից հետո լուծում տար։ Ո՞վ պետք է այն խնդիրները, որոնք գոյություն են ունեցել և որոնց մասին պարբերաբար բարձրաձայնվել է, լուծեր։ Ո՞վ պետք է գաղտնի զեկույցների հիման վրա մշակեր քաղաքականություն՝ արմատապես փոխելու Զինված ուժերի վիճակը։ Պետք էր խնդիրների հաշվառում անել ու համակարգային մոտեցում ցուցաբերել, վերջում դրանից հիմա լուծումներ գտնել, բարեփոխումներ անել։Այդ ամենը չանելով՝ գնահատել, որ Զինված ուժերոը ժամանակի ընթացքում գտնվել է նման մարտահրավերի ներքո, սխալ եմ համարում»։

Սաքունցը նշեց՝ ժամանակին իրենք մտահոգվում էին, որ շատ մեծ է Զինված ուժերից սպաների արտահոսքը.«Ծառայության ժամկետը լրանալուց առաջ մարդիկ դիմում էին ու ժամանակից շուտ թողնում ծառայությունը՝ դրա համար որոշակի գումար փոխհատուցելով։ Ի՞նչ է, սա մտահոգիչ խնդիր չէ՞ր։ Բարեվարք Զինված ուժերից սպաները գլխապատառ փախչում էի՞ն։Ընդհուպ կհիշեցնեմ Սյունիքի նախկին մարզպետի ու Բուդաղյանի պատմությունը։ Ըստ էության՝ Զինված ուժերի սպային մեղադրանք առաջադրվեց, իսկ հրազեն օգտագործողի ինքնաձիգները համարվեց օրինական զենք ու անգամ քրեական հետապնդման չենթարկեցին, ազատեցին պատասխանատվությունից։ Ինչպե՞ս կարող էր սա չազդել բանակի վրա, խնդիրները նոր չէին, դրանց մասին բարձրաձայնվել է։ Այդ խնդիրներով հանդերձ երբ դու Զինված ուժերը համարում էիր արդյունավետ, իհարկե դա ադեկվատ գնահատական չէր։ Հիմա այդ փաստն օգտագործում են այդ նույն վիճակին հասցրած քաղաքական ուժերը։ Չեմ ասում, որ այդ գործոնները չկան, բայց չես կարող այդ գործոնները հիշատակել ըստ նպատակահարմարության, մանավանդ որ դրանից մասին բոլոր հնարավոր տարբերակներով մենք բարձրաձայնել ենք»,-եզրափակեց նա։