• Sun. May 19th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ադրբեջանի երկու մտահոգիչ հայտարարությունը

ByEditor

Mar 12, 2023

Ադրբեջանը մարտի 11-ին տարածել է երկու հայտարարություն, որոնք արտահայտում են մտահոգիչ միտում: Մասնավորապես, Ադրբեջանի ՊՆ հերթական անգամ հայտարարել է, թե Արցախում ռուս խաղաղապահների ուղեկցությամբ ՀՀ ԶՈՒ ռազմական տեխնիկայի շարասյուն է անցել Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր ճանապարհով, որն իբրև թե ֆիքսել են ադրբեջանական դիրքերի տեսադիտարկման սարքերը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը, որ օրերս հերքել էր այդօրինակ մի տեղեկատվություն, ևս մեկ անգամ հերքել է, կրկնելով, որ Արցախում չկան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումներ:

Ադրբեջանի ապաքարոզչական հետևողականությունը հուշում է, որ Բաքուն անցել է որևէ նոր սադրանքի քարոզչական նախապատրաստման: Կլինի սադրանք, թե ոչ, քարոզչությունը բնականաբար չի տալիս միարժեք եզրահանգման հիմք, չի էլ կարող լինել այդպիսին, բայց, որ Բաքուն ձեռնամուխ է եղել հետևողական արշավի, անշուշտ զգաստացնող և զգոնացնող հանգամանք է: Առավել ևս, որ Ադրբեջանի ՊՆ, այս անգամ արդեն արտգործնախարարության հետ համատեղ մարտի 11-ին արել է մեկ այլ հայտարարություն, կապված Իրանի հետ: Բաքուն հայտարարել է, թե Իրանի օդուժի ռազմական օդանավը մոտ կես ժամ թռիչք է իրականացրել Ադրբեջանի սահմանին շատ մոտ, իսկ երբեմն էլ ադրբեջանա-իրանական սահմանի վրա:

Ըստ Բաքվի, դա սպառնալիք է քաղաքացիական օդանավերի անվտանգությանը և գնահատվում է իբրև սադրիչ քայլ: Ընդ որում, Ադրբեջանի հայտարարության մեջ հատուկ նշվում է հանգամանքը, որ Իրանի օդանավը թռիչք է իրականացրել 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներին սահմանակից հատվածում: Ադրբեջանցիներն իհարկե օգտագործել են այդ տարածքների՝ իրենց «հարազատ» ձևակերպումը: Բաքուն կոչ է արել Թեհրանին ձեռնպահ մնալ այդպիսի քայլերից, որոնք ավելի կսրեն երկու երկրների հարաբերությունը, ինչպես նաև պարզաբանման համար ԱԳՆ են հրավիրել Իրանի դեսպանին: Ընդ որում, ուշադրության է արժանի այն, որ Բաքուն այդօրինակ վարքագիծ է դրսևորում մի կողմից Կովկասում ծավալվող դիվանագիտական-քաղաքական աշխույժ զարգացումների ֆոնին, մյուս կողմից մի իրադարձությունից անմիջապես հետո, որն իսկապես կարող է ունենալ «հեղափոխական» նշանակություն: Խոսքը Չինաստանի միջնորդությամբ Իրան-Սաուդյան Արաբիա համաձայնության մասին է, որի վերաբերյալ հայտարարվել է նախօրեին:

Այդ համաձայնությունը ի զորու է լինել ռեգիոնալ իրողությունների էական փոփոխությունների շարժիչ, իսկ սա էլ իր հերթին կարող է շարժիչ լինել այն ուժերի համար, որոնք Ադրբեջանը դիտարկել ու դիտարկում են Իրանի դեմ գործողությունների պլացդարմ: Ու, թեև Բաքուն իհարկե հայտարարել է, թե իր օդանավակայանները չի տրամադրի Իրանի դեմ գործողությունների, սակայն խնդիրը այստեղ ամենևին զուտ օդանավակայանները չեն, որովհետև Իրանի դեմ ուղիղ գործողություններ կարող են և չլինել, բայց Կովկասը կարող է դիտարկվել Իրանի դեմ հիբրիդային արշավի գոտի, որտեղ ուղիղ գործողությունների թիրախ կարող է դառնալ Հայաստանը՝ Իրանին ներքաշելու հաշվարկով, երբ ներքաշմման պատասխանատվությունը կընկնի արդեն Թեհրանի վրա: Այդ ռիսկի մասին է խոսում և այն, որ Իրանի արտգործնախարարն օրերս մեկնել էր Անկարա և կոչ արել հակազդել ռեգիոնում Իսրայելի ազդեցության ընդլայնմանը: Այս իրողություններն են, որ հրամայական են դարձնում ռեգիոնալ կայունության խախտման համար պատասխանատվության կոնկրետ մեխանիզմների հարցը բոլոր ուղղություններով օրակարգայնացնելը: