• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց թիվն աճել է. ո՞ր երկրներից են նրանք.

ByEditor

Mar 9, 2023

Հայաստանում սկսվում է կանանց միամսյակը։ Հրաշալի մի ժամանակահատված, երբ կանայք ավելի մեծ ուշադրության են արժանանում` ստանալով բազմաթիվ շնորհավորանքներ և նվերներ։ Չնայած ներկայիս բարդ իրավիճակին՝ թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում հայերը պատրաստվում են մեծ շուքով նշել կանանց միջազգային օրը։ Կանանց նվիրված «հայկական» միամսյակի ընթացքում վեր են հանվում կանանց առնչվող տարբեր խնդիրներ, որոնց լուծման համար հրավիրվում է հանրության ուշադրությունը։

Մեր վերլուծություններում փորձում ենք անդրադառնալ Հայաստանում առկա գենդերային խնդիրներին, որոնք ներառում են բազմաթիվ ոլորտներ։

Անդրադառնալով միգրացիոն խնդիրներին՝ փաստենք, որ Հայաստանում որոշակի իրավունքների են տիրապետում նաև ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանայք։ 2021 թ․-ին ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացել է 904 կին։ Նկատենք, որ ՀՀ արտաքին գործերի նախարարության համաձայն՝ մշտական կացության կարգավիճակը տրվում է օտարերկրացուն, եթե նա`

✓ ապացուցում է Հայաստանում ՀՀ քաղաքացի հանդիսացող կամ հատուկ կացության կարգավիճակ ունեցող ամուսնու կամ մերձավոր ազգականների (ծնող, զավակ, եղբայր, քույր, տատ, պապ, թոռ) առկայությունը

✓ ՀՀ-ում ապահովված է բնակարանով ու գոյության միջոցներով և մինչև մշտական կացության կարգավիճակ ստանալու համար դիմում ներկայացնելն օրենքով սահմանված կարգով առնվազն երեք տարի բնակվել է ՀՀ-ում,

✓ ՀՀ-ում ձեռնարկատիրական գործունեությամբ է զբաղվել

✓ ազգությամբ հայ է։

Մշտական կացության կարգավիճակը տրվում է 5 տարի ժամկետով` յուրաքանչյուր անգամ նույն ժամկետով երկարաձգելու հնարավորությամբ: Նկատենք, որ 2021 թ․-ին ՀՀ մշտական կացություն ստացած կանանց թվաքանակի կառուցվածքը, ըստ տարիքային խմբերի, հետևյալն է․

Գծապատկեր 1․ ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց թվաքանակի բաշխումը՝ ըստ տարիքային խմբերի 2021 թ․-ին

ՎԿ տվյալների համաձայն՝ ՀՀ մշտական կացություն ստացած կանանց  75 %-ը եղել են 30-64 տարեկան։

Երկրորդ հորիզոնականում են 15-29 տարեկանները, որոնց մասնաբաժինը կազմել է 14 %։

0-14 տարեկան ՀՀ մշտական կացություն ստացած կանանց մասնաբաժինը կազմել է 7 %։

Հետաքրքիր է պարզել՝ որտեղից են մեզ հյուր եկել այս կանայք․

Գծապատկեր 2․ ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց թվաքանակի բաշխումը՝ ըստ տարածաշրջանների 2021 թ․-ին

Պարզվում է՝ ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց 71 %-ը ԱՊՀ-ից են, 24 %-ը՝ այլ երկրներից և 5 %-ը՝ ԵՄ-ից։

 Եվ վերջապես դիտարկենք մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց քաղաքացիությունը․

Գծապատկեր 3․ ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց թվաքանակի բաշխումը՝ ըստ քաղաքացիության 2021 թ․-ին

2021 թ․-ին ՀՀ մշտական կացության կարգավիճակ ստացած կանանց մոտ 77 %-ը ՌԴ, 17,3-ական տոկոս Իրանի և Լիբանանի, 13,3 %-ը՝ Վրաստանի քաղաքացիներ են։