• Thu. Apr 18th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Klarna-ում $1 միլիարդի վնասի ֆոնին CEO-ի աշխատավարձն աճել է 35%-ով

ByEditor

Mar 2, 2023

«Գնիր հիմա, վճարիր հետո» (buy now, pay later, BNPL) սկզբունքով աշխատող շվեդական Klarna ֆինտեխ ստարտափի զուտ վնասը 2022 թվականին ավելացել է 47%-ով՝ հասնելով 10,4 միլիարդ շվեդական կրոնի (մոտ $1 միլիարդի):

Ինչպես հաղորդում է Forbes ամսագրի ռուսաստանյան հանդեսը` վկայակոչելով Financial Times (FT) թերթը, չորրորդ եռամսյակում Klarn-ն կրել է 1,9 միլիարդ կրոնի վնաս՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի $4,6 միլիարդ կրոնի դիմաց ($181,1 միլիոն՝ $438,4 միլիոնի դիմաց), իսկ վարկերի մասով վնասը կազմել է 1,4 միլիարդ կրոն կամ $133,4 միլիոն (տարեկան 18% նվազում):

«Մենք կոնկրետ առաջընթաց ենք տեսնում շահութաբերութանը հասնելու առումով՝ միաժամանակ ապահովելով եկամտի աճ եւ վարկերի մասով կորուստների կրճատում»,- ասել է ստարտափի գլխավոր գործադիր տնօրեն (CEO) Սեբաստիան Սեմյատկովսկին:

FT-ն նշում է, որ կորուստները չեն խանգարել Klarna-ին բարձրացնել Սեմյատկովսկու աշխատավարձը՝ նրա տարեկան վարձատրությունը 2022 թվականին աճել է 35%-ով եւ կազմել 13,2 միլիոն կրոն ($1,3 միլիոն): Ընկերությունը հայտարարել է, որ աշխատավարձային իր քաղաքականությունը համահունչ է այլ տեխնոլոգիական ընկերությունների քաղաքականությանը՝ «լավագույն մասնագետներին վարձելու եւ պահելու համար»:

2021 թվականին Սեմյատկովսկին եւ ստարտափի երկրորդ համահիմնադիր Վիկտոր Յակոբսոնը դարձան դոլարային միլիարդատերեր։ Forbes USA-ի տվյալներով՝ փետրվարի 28-ի դրությամբ Սեմյատկովսկու կարողությունը կազմում է $3,2 միլիարդ։

2021 թվականին` COVID-19 համավարակի ժամանակ առցանց գնումների աճի ֆոնին, ընկերությունը դարձավ Եվրոպայի ամենաթանկ ֆինտեխ ստարտափը՝ ստանալով $45,6 միլիարդ գնահատում: 2022 թվականին Klarna-ի գնահատումը կրճատվեց յոթ անգամ (մինչեւ $6,7 միլիարդ): Bloomberg-ը գնահատման վերանայումը բացատրում էր ֆոնդային շուկայի ընդհանուր վիճակով, որի վրա բացասաբար են ազդում գնաճը, ռեցեսիայի վերաբերյալ մտավախությունները եւ արեւմտյան խոշոր կենտրոնական բանկերի կողմից դրամավարկային քաղաքականության խստացումը:

2021 թվականի աշնանը Klarna-ն հայտարարեց գների համեմատության PriceRunner հարթակի ձեռքբերման մասին: Ընկերությունը նախատեսում էր ինտեգրել ծառայությունն իր հավելվածում։

Իսկ վերջերս ֆինտեխ ընկերությունը գործարկեց Money Story ծառայությունը, որը հաճախորդներին տրամադրում է 2022 թվականին կատարված անձնական ծախսերի վերլուծությունը: Money Story-ում օգտագործվում է սոցիալական ցանցերում տարածված անիմացիոն «պատմությունների» ձեւաչափը՝ օգնելու օգտատերերին վերլուծել ծախսերը, որոնք նրանք կարող են վերածել 2023 թվականի համար ֆինանսական նպատակների: Փաթեթը վիզուալիզացնում է ծախսերի մոդելները եւ առաջարկում անիմացիոն հարցում, որը դրդում է հաճախորդներին խորհել՝ որտեղ են նրանք ծախսել սեփական միջոցները 2022 թվականին: