• Tue. Apr 23rd, 2024

kommersant.am

Just another WordPress site

ՔՊ-ական պաշտոնյաների հայտարարագրերի «մութ կետերը». ի՞նչ են թաքցնում «հպարտ քաղաքացիներից»

ByEditor

Feb 27, 2023

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող այն պաշտոնատար անձանց ցուցակը, որոնք «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված ժամկետում չեն ներկայացրել համապատասխան հայտարարագրերը։

Սույն հղումով ներկայացված է հայտարարագրման պարտավորությունն օրենքով սահմանված ժամկետում չկատարած առաջին խումբ պաշտոնատար անձանց ցուցակը։ Հանձնաժողովի ծանուցման հիման վրա ծանուցմամբ նշված ժամկետներում հայտարարագրերը չներկայացնելու դեպքում, հարուցվելու են վարչական իրավախախտման վերաբերյալ գործի վարույթներ, որոնց արդյունքում կարող է կիրառվել վարչական տույժ՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի (200 000 ՀՀ դրամի) չափով: Նշված հիմքերով վարույթներ կհարուցվեն հայտարարատու պաշտոնատար անձանց ընտանիքի անդամների («Հանրային ծառայության մասին» օրենքի իմաստով ընտանիքի կազմի մեջ մտնող անձանց) նկատմամբ:

Իսկ այժմ տեսնենք, թե ինչ ուշագրավ անուններ կան այդ ցանկում: Եվ այսպես, հայտարարագիր չեն ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ Նունե Պետրոսյանը, Շիրակի մարզպետի արդեն նախկին տեղակալ Պողոս Աբրահամյանը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարդան Սրմաքեշը, ԲԴԽ անդամ Արմեն Հայկյանցը, Արմավիրի մարզի դատախազության դատախազ Նշան Մաթևոսյանը, Նորք Մարաշ վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Գագիկ Աբաջյանը և այլք: Խոսքը վերաբերվում է թե՛ դեռևս պաշտոնավարող, թե՛ արդեն պաշտոնին հրաժեշտ տված անձանց, ինչպես նաև թե՛ պաշտոնը ստանձնելու, թե՛ տարեկան հայտարարագրերին:

Բացի դա, ՔՊ-ական պատգամավոր Թագուհի Ղազարյանը չի հայտարարագրել ոչ միայն ծախսերը, այլ նաև որևէ շարժական կամ անշարժ գույք։ Կարելի էր ենթադրել, որ պատգամավորն այդ դեպքում առնվազն վարձակալում է անշարժ գույք, իսկ դրան ուղղված ծախսն էլ հենց պետք է ներառվեր հայտարարագրի համապատասխան կետում, մի բան, ինչը Ղազարյանի դեպքում բացակայում է։

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը 2021 թվականին ձեռք է բերել Mitsubishi մակնիշի ավտոմեքենան, ինչպես հասկանում ենք՝ դրա դիմաց կլորիկ գումար վճարելով, որը ակնհայտորեն գերազանցում է 1 միլիոն դրամը։ Սակայն, ծախսերի հատվածում Ղալումյանի հայտարարագրում կրկին դատարկություն է։

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանի մոտ էլ մի փոքր այլ իրավիճակ է, վերջինս թեև բարեհաճել է հայտարարագրել 50 հազար ԱՄՆ դոլարի ծախս, սակայն չի բարեհաճել նշել, թե այդ ինչ ճոխ ծախս է և ինչին է ուղղվել։

Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը չի հայտարարագրել ո՛չ անշարժ, ո՛չ շարժական գույք, ոչ էլ դրամական միջոցներ:

ՊՎԾ պետ Ռոմանոս Պետրոսյանի 2019 թվականի հայտարարագրում նշվում է 35,000,000.00 չափով ստացած վարկը, որի մարմանն ուղղված գումարները պետք է դիտարկվեին որպես ծախս և հայտարարագրվեին, սակայն, ոչ 2020 թվականի, ոչ էլ 2021 թվականի հայտարարագրերում այդ մասին չի հիշատակվում։ Մնում է ենթադրել, որ Պետրոսյանի վարկն այդպես էլ մնացել է չմարված, միայն թե հարց է` ինչպես են այդպիսի անպատասխանատու վարկառուին 2021-ին կրկին վարկ տվել։

Ինչպես տեսնում ենք` ՔՊ-ական պաշտոնյաներն այնքան էլ համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի այն մտքի հետ, որ Հայաստանում պետք է հաստատվի հայտարարագրման աշխարհի ամենակատարյալ համակարգը և նախընտրում են աշխատել հին մեթոդներով….