ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը չի կարող որոշել եւ կարգավորել ռուս-թուրքական հարաբերությունները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Ավելի վաղ Բորելը հայտարարել էր, որ պատժամիջոցներին միանալու Անկարայի չցանկանալն ու Մոսկվայի հետ հարաբերությունների զարգացումը մտահոգում են Բրյուսելին։
«Ես Բորելին որպես զրուցակից չեմ ընկալում։ Նա կարող է լինել միայն Մեւլութ բեի (Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլու – Prime) զրուցակիցը։ Սա տգեղ հայտարարություն է։ Նախ՝ Բորելը չի կարող որոշել եւ կարգավորել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Նա ոչ որակավորում ունի, ոչ էլ կարողություն այս հարցերի շուրջ որոշումներ կայացնելու»,- Էրդողանի խոսքերն է մեջբերում Prime գործակալությունը։
Բացի այդ, Թուրքիայի նախագահը Բորելին մեղադրել է պարենային գործարքում Անկարայի աշխատանքի համար երախտագիտության բացակայության մեջ։ Նա հավելել է, որ իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է Թուրքիայում գյուղմթերքների վերամշակման հնարավորությունը՝ հետագայում Աֆրիկա տեղափոխելու համար։
Էրդողանը նաեւ հայտարարել է, որ Թուրքիան կարող է ռուսաստանյան եւ թուրքմենական գազ մատակարարել Եվրոպա։ Էներգետիկ այս նախագծի իրականացման համար Թուրքիայի ղեկավարը հանձնարարել է մեկ ամսվա ընթացքում մշակել Թուրքմենստանից Եվրոպա «կապույտ վառելիքի» մատակարարման մեխանիզմը՝ Անկարայի, Աշխաբադի եւ Բաքվի որոշման հետ համապատասխան։