ՀՀ տնտեսական աճի ընթացիկ դինամիկան թույլ է տալիս ներդրումային նոր ծրագրերի իրականացմամբ բարձրացնել կենսաթոշակային բարեփոխման արդյունավետությունը:
Ֆրանսիական «Ամունդի Գրուպ» ընկերության գործադիր տնօրենի տեղակալ Բերնար դը Վիթի հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Կառավարությունից հայտնել են, որ վարչապետը կարեւորել է «Ամունդի Գրուպ»-ի ներգրավվածությունը Հայաստանում կենսաթոշակային ֆոնդերի կառավարման գործընթացում՝ ի դեմս «Ամունդի-Ակբա Ասեթ Մենեջմենթ» ընկերության:
Բերնար դը Վիթն իր հերթին նշել է, որ «Ամունդի Գրուպ»-ը հետաքրքրված է շարունակելու հանրության, պետության եւ կենսաթոշակային համակարգի համար շահավետ նախագծերի իրականացումը:
Նշվում է, որ հանդիպմանը քննարկվել են կենսաթոշակային բարեփոխման տնտեսական, սոցիալական եւ ֆինանսական բաղադրիչների իրականացմանը վերաբերող հարցեր: Մտքեր են փոխանակվել ֆինանսական շուկայի զարգացման, ֆինանսական գրագիտության մակարդակի բարձրացման, սոցիալական բարեկեցության ապահովման եւ մի շարք այլ ուղղություններով իրականացվող համատեղ ծրագրերի շուրջ: