• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

Ազգային արժույթներով պարտատոմսերի փոխադարձ տեղաբաշխումների առաջարկ՝ ԵԱՏՄ-ում

ByEditor

Nov 30, 2022

Զարգացած եւ արդյունավետ կապիտալի ներքին շուկաների առկայությունն առեւտրային գործընկեր հանդիսացող երկրներում նպաստում է վերջիններիս ավելի կայուն զարգացմանը, նվազեցնում է փոխառու միջոցների արժեքը եւ ֆինանսական ռիսկերը, ինչպես նաեւ ընդլայնում ներդրողների բազան փոխառու երկրների համար, ասված է ռուսաստանյան ACRA վարկանիշային գործակալության «Ասիայի փորձը ռուսաստանյան շուկայի համար» հետազոտության մեջ:

Փորձագետները նշում են, որ ԵԱՏՄ զարգացման ռազմավարությունը նախատեսում է ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծում մինչեւ 2025 թվականը։ Միաժամանակ, Միության երկրների պարտքային կապիտալի ներքին շուկաները դեռեւս փոքր են։ ՀՆԱ-ի չափի համեմատ ազգային արժույթով պարտատոմսերի շուկայի ամենամեծ ծավալը Ղազախստանում է (ՀՆԱ-ի 33%-ը), Ռուսաստանում հարաբերակցությունը կազմում է 26,2%, Հայաստանում եւ Բելառուսում՝ 25%-ից պակաս (23,6% եւ 21,1%):

«Կոմերսանտ»-ի փոխանցմամբ՝ ACRA-ն առաջարկում է ազգային արժույթներով պարտատոմսերի փոխադարձ տեղաբաշխումներ իրականացնել՝ ցուցանիշները բարձրացնելու նպատակով։ Օրինակ, ներգրավված ռուբլիները ԵԱՏՄ երկիրը կարող է վաճառել իր շուկայում. ենթադրվում է, որ դա կնվազեցնի արժութային ռիսկերը եւ երկարաժամկետ հեռանկարում՝ հավելավճարների համար ռիսկը։ Առաջարկվում է նաեւ ստեղծել ազգային արժույթներով կորպորատիվ պարտքային տեղաբաշխումների աջակցության մեխանիզմ եւ բարձրացնել տեղեկատվության բացահայտման մակարդակը՝ գործարկելով տվյալների միասնական պորտալ։

Որպես օրինակ բերվում է «Պարտատոմսերի շուկայի ասիական նախաձեռնություն»-ը (The Asian Bond Markets Initiative, ABMI), որը գործարկվել էր 2002 թվականին ASEAN երկրների, Չինաստանի, Ճապոնիայի եւ Հարավային Կորեայի կողմից՝ փոխառությունների ներքին շուկաները զարգացնելու եւ կապիտալի արտաքին աղբյուրներից կախվածությունը նվազեցնելու նպատակով:

Այդ մեխանիզմի շրջանակում երկրները ներդաշնակեցրել են օրենսդրությունը, ներդրել վարկային եւ ներդրումային երաշխիքներ ու գործարկել մեկ միասնական պորտալ: Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվել հաշվետվության միջազգային ստանդարտների կիրառմանը, ածանցյալ գործիքների եւ ռեպո շուկաների զարգացմանն ու վարկային մշակույթի ձեւավորմանը, այդ թվում՝ վարկային ռիսկերի տվյալների բազաների ստեղծման միջոցով։ Արդյունքում՝ 2002 թվականից ի վեր պետական եւ կորպորատիվ պարտատոմսերի ներքին շուկան աճել է բոլոր մասնակից երկրներում։ Թաիլանդում այն կրկնապատկվել է, իսկ Վիետնամում ստեղծվել է գրեթե զրոյից։

2021 թվականի տվյալներով՝ ՀՆԱ-ի նկատմամբ շուկայի ամենամեծ չափերը Մալայզիայում են (ՀՆԱ-ի 125%-ը) եւ Սինգապուրում (ՀՆԱ-ի 114%-ը): Դրանց հաջորդում են Թաիլանդը (ՀՆԱ-ի մոտ 91%-ը), Ֆիլիպինները (ՀՆԱ-ի 50%-ը), Վիետնամը (ՀՆԱ-ի 42%-ը) եւ Ինդոնեզիան (ՀՆԱ-ի 31%-ը):

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *