• Thu. Apr 25th, 2024

kommersant.am

Just another WordPress site

«Ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել գերեվարվածների մեջքներին». գերությունից վերադարձած զինվորի ծնող

ByEditor

Nov 21, 2022

«Մի հատ պուճուր բան է լսում ասում է՝ մամ, կրակո՞ց է»,- գերությունից վերադարձած որդու հոգեկան ապրումները մեկ նախադասությամբ այսպես է ներկայացնում մայրը, գրում է Forrights-ը:

19-ամյա զինծառայողը 20 օրից ավելի մնալով թշնամական Ադրբեջանում ֆիզիկական ու հոգեբանական անմարդկային բռնությունների է ենթարկվել ծառայակից ընկերների հետ միասին։ Ամենադաժանը զինվորների հետ վարվել են Ադրբեջանի ռազմական ոստիկանությունում։ Ծեծ՝ նստելու, քնելու, ինչ-որ տեղ հենվելու և մյուս բոլոր գործողությունների համար, եթե խախտել են թշնամու՝ անշարժ կանգնելու պահանջը։ Հայրն ու մայրը նշեցին՝ իրենց որդին երեք օր այս դաժանությունների միջով է անցել, որից հետո տեղափոխվել է բանտ։

«Ադրբեջանի ռազմականը գնացել-եկել հարվածել է գլխներին ու մեջքներին։ Պատմում էր, որ չոքացրել են ու ստիպել են շան նման քայլել, ադրբեջանցիները բարձր տեղ են կանգնել ու թռել են գերեվարվածների մեջքներին»,-թշնամու հակամարդկային պահելաձևից մանրամասներ են փոխանցում գերությունից վերադարձածի ծնողները և ընդգծում՝ ստիպել են հայ զինվորներին միմյանց հետ մարտի բռնվել։ Թշնամու հողում գտնվող հայ զինվորները, սակայն, միմյանց պաշտպանելու տարբերակներ են գտել։

«Տղաներին իրար հետ կռավացրել են, ընկերներին իրար դեմ են հանել, ով կրվել է՝ իրեն ծեծել են։ Տղաս ասում էր՝ պայմանավորվում էին, որ ուժեղները դիտմամբ պարտվեն, որ հարվածները իրենց բաժին հասներ»։

Գերությունից վերադարձած զինծառայողի ծնողներն ահազանգում են՝ որդին այս ամենի հետևանքով ֆիզիկական ու հոգեբանական լուրջ խնդիրներ է ձեռք բերել, իսկ հայրենիք վերադառնալուց հետո Պաշտպանության նախարարությունը նրանց ցանկանում է նորից բանակ տանել։ Անանուն մնալու պայմանով, քանի որ մտածում են իրենց տղայի խնդիրները հրապարակավ խոսելու դեպքում ավելանալու են լուծվելու փոխարեն, հայրն ու մայրը իրենց մտահոգությունն են հայտնում․ նշում են՝ տղան ընկճված է, զորամասում միջանձնային խնդիրներ կարող են առաջանալ և կանխատեսում են վատագույնը

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *