Փաշինյանը ռազմավարական խնդիր է համարում Հայաստանը հանքանյութ արտահանող երկրից վերջնական արտադրանք թողարկող երկրի վերածելը

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռազմավարական խնդիր է համարում, որ Հայաստանը մեծամասամբ հանքանյութ արտահանող երկրից վերածվի վերջնական արտադրանք թողարկող երկրի՝ շեշտելով, որ այդ հարցում Կառավարությունն ու հանքարդյունաբերական ընկերությունները պետք է սերտորեն համագործակցելու եզրեր գտնեն։ 

ՀՀ վարչապետն այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ժամանակ ունեցած ելույթում։ 

«Իրականում մեզ համար մեծ խնդիր է, որ մենք ստիպված ենք հիմնականում հանքանյութ արտահանել։ Մեզ հարկավոր է ոլորտը զարգացնել այն ուղղությամբ, որ մենք հանքանյութի մշակման շղթան հնարավորինս երկարացնենք  ու դա հնարավորինս բերենք վերջնական արտադրանքի, որովհետև դա նշանակելու է լրացուցիչ աշխատատեղեր, լրացուցիչ եկամուտներ պետական բյուջեի համար, լրացուցիչ բարձր որակավորում ունեցող մասնագետների կարիք, լրացուցիչ ներդրումներ տնտեսության, կրթության ոլորտներում, բարեկեցության նոր աստիճան»,- ասաց վարչապետը։ 

Փաշինյանը հույս հայտնեց, որ առաջիկա գործընթացները, այդ թվում՝ տարածաշրջանային, ավելի նպաստավոր կդարձնեն միջավայրը վերը նշվածի առումով։ «Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը և տարածաշրջանի տրանսպորտային ենթակառուցվածքների սպասվող բացումը, որն առաջիկայում անպայման տեղի կունենա, մեզ համար նոր հնարավորություններ է բացելու այս ոլորտում։ Այս խնդրի վրա պետք է հրավիրեմ նաև մեր գործընկեր նախարարների և ոլորտի մեր հարգարժան ներկայացուցիչների ուշադրությունը, որովհետև, այո, պղնձի հանքաքարի արտահանումը մեր տնտեսության համար շատ էական նշանակություն ունի, բայց մենք ի վերջո պետք է մտածենք, թե ինչ կարող ենք անել, որ Հայաստանում արդյունավետ պղնձաձուլարան ունենալու պայմանավորվածությունը իրականություն դառնա։ Բայց նույնիսկ սա շղթայի ավարտը չէ, որովհետև եթե մենք արդեն ձուլակտորներ կամ մետաղ ենք ստանում,պետք է մտածել այդ շղթայի հետագա երկարացման համար, որպեսզի պնղձի արտադրանքը կամ այն արտադրանքը , որի մեջ պղինձը լայնորեն օգտագործվում է, Հայաստանում այդպիսի արդյունաբերական պլատֆորմներ ևս լինեն։ Նույնը վերաբերվում է ոսկուն, և սա էլ մի խնդիր է, որը չափազանց կարևոր է»,- ասաց ՀՀ վարչապետը։ 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *