Խաղաղությունն ամենօրյա աշխատանք է. Փաշինյանը ԵԽԽՎ-ին ներկայացրեց Հայաստան-Ադրբեջան կարգավորման մանրամասները

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատեց Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման աշխատանքներում Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի ներդրած ջանքերի կարևորությունը։ 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանում իր ելույթում Փաշինյանը հայտնեց, որ մինչև 2025թ. օգոստոսի 8-ը Հայաստանն ու Ադրբեջանը մի շարք քայլեր էին ձեռնարկել խաղաղության հասնելու և միջպետական հարաբերություններ հաստատելու ուղղությամբ, սակայն առանց ԱՄՆ նախագահի ներգրավվածության հնարավոր չէր լինի հասնել առկա արդյունքին։

«ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում Սպիտակ տանը մենք ընդունեցինք հռչակագիր, որով արձանագրեցինք խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Նախագահ Թրամփը, որպես վկա, նույնպես ստորագրեց այդ հռչակագիրը»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը խաղաղության հաստատումը որակեց պատմական իրադարձություն, նշեց՝ այն ոչ միայն Հայաստանի կառավարության ու ժողովրդի, այլև Ադրբեջանի կառավարության ու ժողովրդի ձեռքբերումն է։

«Խաղաղությունն արձակուրդ կամ հանգիստ չէ, խաղաղությունն ամենօրյա աշխատանք է, խաղաղությունը նորածին երեխայի նման ամենօրյա խնամք է պահանջում իր նկատմամբ։ Մեր նորածին խաղաղությունն այսօր արդեն 1 ամիս 22 օրական է և խանդաղատանքով պիտի խնամենք նրան, սիրենք ու հոգ տանենք նրա մասին, որ նա մեծանա, հասունանա, ուժեղանա և իրենով ծաղկացնի Հարավային Կովկասի մեր տարածաշրջանը»,- նշեց վարչապետը։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս համատեքստում կարևորեց նաև անհետ կորած անձանց ճակատագրի պարզաբանումը և երկարատև կոնֆլիկտի հետևանքով անազատության մեջ հայտնված անձանց խնդիրների հասցեագրումը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *